Լեռնագնացները, որոնք բարձրանում են 7000 մ բարձրությունից ավելի, հաճախ բախվում են տարբեր հալյուցինացիաների (զգայապատրանքներ): Տարածված են ինչպես տեսողական, այնպես էլ լսողական հալյուրինացիաները՝ ալպինիստները նկատում են շարժումներ, լսում են երաժշտության կամ այլ ձայներ:
Հալյուցինացիաների մեկ այլ տեսակն էլ այնքան տարածված է, որ ունի առանձին անվանում` երրորդ անձի գործոն: Սրա դեպքում լեռնագնացների մոտ զգացողություն է առաջանում, թե իրենցից բացի լեռան վրա այլ մարդիկ կան։
Այս տեսակի հալյուցինացիաները բնորոշ են ոչ միայն լեռնագնացներին: Այսպիսի խնդիր է բախվել նաեւ բեւեռախույզ Էռնեստ Շեքլթոնը եւ ամերիկացի օդաչու Չարլզ Լինդբերգը իրենց հայտնի տրանսատլանտյան թռիչքի ընթացքում:
«Երրորդ անձի գործոն» (The Third Man Factor) gրքի հեղինակ Ջոն Գեյգերը գրքում թվարկում է այն պայմանները, որոնք ասոցացվում են ինչ-որ մեկի ներկայության հետ՝ միապաղաղություն, խավար, լերկ բնապատկերներ, մեկուսացում, ցուրտ, վնասվածքներ, ջրազրկում, սով, հոգնածություն եւ վախ:
Երկար ժամանակ «երրորդի գործոնը» կապվում էր բարձության հիվանդության հետ, որը ծագում է թթվածնային քաղցից: Դրա ախտանշանները ներառում են՝ գլխապտույտ, սրտխառնոց, անքնություն, աչքերից արյունահոսություն, իսկ ավելի ծանր դեպքերում՝ ուղեղի եւ թոքեր այտուցներով: Բարձրության հիվանդության մի տեսակ էլ լեռնային հիվանդությունն է, որն առաջացման հարցում իրենց դերն ունեն նաեւ ֆիզիկական հոգնածությունը, ջրազրկումը, ցրտահարությունը, կտրուկ ջերմաստիճանի փոփոխությունը եւ ծանր եղանակային պայմանները: Սակայն թթվածնային քաղցը շարունակում է մնալ հիմնական պաթոլոգիական գործոնը:
Մինչդեռ Իտալիայում Eurac Research հետազոտական կենտրոնի եւ Ավստրիայում Լեոպոլդի եւ Ֆրանցի անունը կրող Ինսբրուքի համալսարանի փորձագետները կարծում են, որ հալյուցինացիաները թթվածնի քաղցի հետեւանք չեն եւ առաջանում են անկախ դրանից: Նրանց բացահայտումները հրապարակվել են Psychological Medicine ամսագրում տպագրված հոդվածում:
Նրանք ուսումնասիրել են լեռնագնացների մոտ նկատված 83 դեպքեր եւ դրանք ուղեկցող ախտանիշները։
«Մեր ուսումնասիրությամբ մենք հայտնաբերել ենք, որ կան մի խումբ ախտանիշները, որոնք զուտ հոգեբանական են։ Այսինքն, թեեւ դրանք ի հայտ են գալիս բարձրության վրա, բայց դրանք չեն կարող վերագրվել օրգանային գործոններին, ինչպիսիք են՝ ուղեղի այտուցը, ջրազրկումը կամ վարակը», - ասել է աշխատանքի հեղինակներից Հերման Բրուգերը:
Սակայն գիտնականները վստահորեն չեն կարողանում նշել հալյուցինացիաների հստակ պատճառը։ Նրանք առաջարկում են, որ «երրորդ» հայտնվելը կարող է կապված լինել միայնակության, փոքր խմբում գտնվելու կամ բարձունքը հաղթահարելու դժվարությունների հետ: Հայտնի է, որ վերադառնալով անվտանգ բարձրության՝ հալյուցինացիաներն անհետանում են եւ երկարաժամկետ ազդեցություն չեն ունենում:
«Այս բացահայտումները թույլ են տալիս ավելի մանրակրկիտ ուսումնասիրել առողջ մարդկանց մոտ ժամանակավոր փսիխոզը, որը կարող է հնարավորություն տալ հասկանալ հոգեկան հիվանդությունների բնույթը, օրինակ` շիզոֆրենիայի»,-ընդգծել է հետազոտության համահեղինակ Կատարինա Հուֆները:
Ուսումնասիրության արդյունքները թույլ են տալիս լեռնագնացներին ավելի լավ պատրաստվել վերելքին եւ մշակել գործողությունների ծրագիր, եթե նրանք բախվեն բարձունքային փսիխոզի հետ։
Բացի այդ, հետազոտողները կարող են փորձել վերարտադրել արդյունքները լաբորատորիական պայմաններում`օգտագործելով ցածր ճնշման եւ թթվածնի պարունակության տեսախցիկներ:
Հաջորդ տարի թիմը, Նեպալի փորձագետների հետ համագործակցելով, պատրաստվում է ավելի ճշգրիտ գնահատել փսիխոզի հաճախությունը, ինչպես նաեւ պարզել դրա առաջացման գործոններն ու հնարավոր ռիսկերը:






