Բուսական դեղամիջոցները կարող են անցանկալի փոխգործակցության մեջ մտնել ստատինների ու հակաքաղցկեղային դեղամիջոցների հետ, առաջացնելով կյանքին սպառնացող կողմնակի էֆեկտներ։ Այս մասին նախազգուշացնում են South African Medical Research ինստիտուտի գիտնականները։

Նրանց խոսքով՝ ստատինները, վարֆարինը ու այլ դեղամիջոցներ կարող են անցանկալի փոխգործակցության մեջ մտնել բուսական դեղամիջոցների հետ՝ առաջացնելով վտանգավոր կողմնակի էֆեկտներ ու նվազեցնելով դրանց արդյունավետությունը։ Երիցուկի , մարդ-արմատի (ժենշենի) կամ այլ խոտաբույսերի առաջին հայացքից անվնաս թուրմերը, որոնք հիմա շատ տարածված են ու վաճառվում են առանց բաղադրատոմսերի, կարող են մարդու համար շատ վտանգավոր լինել, եթե նա այդ պահին բուժվում է քաղցկեղից կամ պայքարում սրտի վտանգավոր հիվանդությունների դեմ։

Մարդկանց մեծ մասը բուսական դեղամիջոցները համարում է կատարելապես անվնաս միջոցներ առողջության ամրապնդման համար, սակայն ուժեղ դեղորայքի հետ համադրության դեպքում դրանք կարող են շատ վտանգավոր լինել ։ Մի շարք հիվանդներ, որոնք անցնում են հակաքաղցկեղային բուժում, նկատել են, որ իրենց դեղամիջոցները դադարում են ազդել ժենշենով էներգետիկ ըմպելիքներ գործածելուց հետո։ Երիկամների փոխպատվաստման ենթարկված հիվանդների մոտ սկսվում էր նոր օրգանների վանում երիցուկի թուրմի գործածումից հետո, իսկ ՄԻԱՎ-ով հիվանդները բախվում էին արյան մեջ վիրուսի մակարդակի կտրուկ աճին, երբ խմում էին գինկգո բույսով հավելումներ։ Եւ վերջապես վարֆարին հակակոագուլյանտ ընդունող հիվանդները բախվում էին ներքին արյունահոսությունների սրոհունդի ու այլ բույսերի հիմքով պատրաստված դեղամիջոցների ընդունումից հետո։

Որոշ փորձագետներ նույնիսկ հավաստիացնում են, որ արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազման նպատակով ստատինների կարգի դեղամիջոցներ ընդունողները կարող են բախվել ծանր մկանացավի կանաչ թեյի գործածման դեպքում։ Հետազոտության հեղինակների խոսքով՝ բուսական դեղամիջոցների վնասակարությունը զգալիորեն թերագնահատվում է, քանի որ հիվանդներն իրենք չեն էլ կասկածում, որ իրենց խնդիրների մեջ մեղավոր են այդ անվնաս թվացող միջոցները։ Հաճախ մարդիկ ինքնուրույն են որոշում խմել այդ թուրմերը, քանի որ համարում են, որ եթե անգամ դրանք օգուտ չտան՝ ապա վնասակար միանշանակ չեն լինի։