Հակաբակտերիալ անձեռոցիկները եւ սփրեյներն այսօր շատ տարածված են՝ մարդկանցից շատերն են դրանք ակտիվորեն օգտագործում մաքրություն կատարելիս, հատկապես՝ խոհանոցում աշխատանքային մակերեւույթների մշակման համար: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ սա բացարձակապես անիմաստ զաղմունք է:

Հետազոտության շրջանակում Northumbria University-ից բժիշկ Մայքլ Մոզլին եւ նրա գործընկեր Լին Դոուերը հակաբակտերիալ միջոցները կամավորների խմբին են տվել մաքրություն անելու համար: Որոշ ժամանակ անց կատարվել է հենց նոր մշակված մակերեւույթների բակտերիալ աղտոտման աստիճանի գնահատում: Պարզվել է, որ վանգավոր բակտերիաներն ու սնկերը, որոնք կարող են սննդային ծանր թունավորումներ եւ տարբեր հիվանդություններ առաջացնել, խոհանոցի մակերեւույթներին կրկին հայտնվել են ընդամենը մեկ ժամ հետո: Եվ հայտնվել են ահռելի քանակությամբ:

Փորձագետները խորհուրդ են տալիս հրաժարվել տանը ստերիլություն պահպանելու գաղափարից: Նրանց կարծիքով՝ բավական է հետեւել անձնական հիգիենայի կանոններին եւ, օրինակ, անձեռոցիկներն ու սպունգները թաց վիճակում չթողնել, քանի որ դա ախտածինների բազմացման համար կատարյալ միջավայր է: Կարելի է նաեւ շաբաթը մեկ անգամ սպունգներն ու լաթերը թրջել քլոր պարունակող ախտահանող միջոցով:

Չարժի մոռանալ նաեւ այն մասին, որ տարբեր մթերքներ պետք է մշակել առանձին տախտակների վրա, որպեսզի բացառվի ախտածիններով խաչաձեւ վարակումը: Ինչ վերաբերում է ախտահանմանը, ապա մասնագետների պնդմամբ՝ սովորական քացախը եւ օճառաջուրը ամենաթանկարժեք հակաբակտերիալ միջոցներից վատ չեն ներգործում: