Միայն բժշկի դեղատոմսով դեղերի բացթողման նոր կարգը դեղատների համար անհավասար պայմաններ կստեղծի. չնայած բոլոր արգելքներին, որոշ դեղատներ, նախկինի պես, դեղերն առանց դեղատոմսերի կվաճառեն, իսկ արդյունքում կտուժեն այն դեղատները, որոնց տերերը անհրաժեշտ «ծանոթություններ» չունեն: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երեւանի ավագանիի «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը:
Դրանից զատ, Մարինա Խաչատրյանի կարծիքով՝ դեղատների մեծ մասը, հատկապես խոշորները, արգելքը շրջանցելու բազմաթիվ եղանակներ կգտնեն. առաջին հերթին կբարձրացնեն դեղերի գները, որպեսզի այդ գումարով պոլիկլինիկաների բժիշկներից դեղատոմսերի ձեւաթղթեր գնեն, որոնք կպահեն դեղատանը եւ անհրաժեշտության դեպքում դրանք ինքնուրույն կլրացնեն հիվանդներին դեղեր վաճառելիս:
Որոշ դեղատներում կարող են նաեւ բժիշկների աշխատանքի ընդունել, որոնք տեղում կգրեն այն դեղերի դեղատոմսերը, որոնք այցելուները պետք է գնեն: Ավելին՝ եթե այցելուն 2 տարբեր դեղատներից նույն ձեւաթղթով պետք է 2 տարբեր դեղ գնի, դա մեքենայությունների համար մեծաթիվ հնարավորություններ կստեղծի:
Մարինա Խաչատրյանի խոսքով՝ նոր կարգը մեծ թվով այլ խնդիրներ էլ կստեղծի, քանի որ այսուհետեւ բժիշկն իրավունք չունի դեղատոմսի վրա գրել դեղամիջոցի ապրանքանիշային անվանումը, այլ միայն ազդող նյութը: Սակայն կան համակցված դեղամիջոցներ, որոնք մի քանի ազդող նյութ են պարունակում: Ստացվում է, որ բժիշկը ստիպված կլինի թվարկել նրան անհրաժեշտ բոլոր ազդող նյութերը, իսկ դեղագործն արդեն պետք է կռահի,- կամ չկռահի,- թե բժիշկը որ դեղն է նկատի ունեցել:
Դրանից բացի, մեկ ձեւաթղթի վրա բժիշկը կարող է գրել միայն 2 դեղատոմս: Սա նշանակում է, որ եթե հիվանդին 6 դեղ է անհրաժեշտ, բժիշկը պետք է լրացնի 6 ձեւաթուղթ, իսկ սա բուժաշխատողների համար ավելորդ աշխատանք է, որոնք առանց այն էլ երբեմն թղթերի վրա ավելի շատ ժամանակ են կորցնում, քան հիվանդների հետ աշխատելու:
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը բժիշկներին եւ հիվանդներին կոչ է անում դեղատներից դեղերի բացողման նոր կարգը բոյկոտել, քանի որ այն, նրանց կարծիքով, կդժվարացնի ինչպես հիվանդների, այնպես էլ բժիշկների կյանքը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանն ընդունված կառավարության որոշմամբ Հայաստանում 2018-ի մարտի 1-ից ուժի մեջ է մտնում դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգը: Դեղատոմսով առաջին հերթին բաց կթողնեն հակաբիոտիկները, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղամիջոցները: Հուլիսի 1-ից կարգը կտարածվի ներարկման բոլոր դեղամիջոցների վրա: Ամբողջ գործընթացը կավարտվի հոկտեմբերի 1-ին, երբ արդեն դեղատոմսերով բաց թողվող դեղերի ցուցակում ընդգրկված բոլոր դեղերը դեղատոմսով կվաճառվեն:
Դեղերի՝ դեղատոմսերով բացթողումը ուժի մեջ կմտնի աստիճանաբար. առաջինը կլինեն հակաբիոտիկները
Առողջապահության նախարարությունը հրապարակել է մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը
ԱՆ հրապարակել է դեղատոմսով եւ առանց դեղատոմսի դուրս գրվող ՀՀ–ում գրանցված դեղերի նորացված ցանկը
Իրարանցում երեւանյան դեղատներում. Մարդիկ գնում են հորմոնալ եւ կարդիոդեղամիջոցներ (տեսանյութ)






