• Latest news

Խուճապ բնակիչների շրջանում եւ պոլիկլինիկաների թողունակությունը. դեղատոմսերի պահանջը մեկնաբանում է «Վագա Ֆարմի» ղեկավարը

27 փետրվարի, 2018  21:36

Կառավարության՝ դեղերը դեղատոմսերով բաց թողնելու մասին որոշման հրապարակումից հետո Հայաստանի բնակիչների շրջանում խուճապ է սկսվել, նրանք դեղատներում անխտիր ամեն ինչ գնում են, եւ սա կապված է նաեւ Առողջապահության նախարարության (ԱՆ) սադրիչ գործողությունների հետ: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց «Վագա Ֆարմ» ընկերության ղեկավար Վահե Վարսանյանը:

Նրա խոսքով՝ վերջին օրերին «Վագա Ֆարմի» ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ առեւտրի (դեղատնային ցանցում) շրջանառությունը կրկնակի աճել է:

Ընկերության ղեկավարի պարզաբանմամբ՝ քաոսի պատճառը  ԱՆ պաշտոնյաների սադրիչ մեկնաբանություններն են եւ ԱՆ-ի պարտադրանքը դեղատներին՝  փակցնել  հայտարարություն՝ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշման համաձայն դեղերը դեղատոմսերով բաց թողնելու մասին: Այսինքն՝ այդ հայտարարությունների համաձայն՝ փետրվարի 28-ից  հետո անհնար կլինի դեղատոմսային ցուցակից որեւէ դեղի բաց թողնումը՝ առանց սահմանված ձեւի դուրս գրված դեղատոմսի: «Այժմ ԱՆ-ի նույն պաշտոնյաները  ձեւացնում են, թե նահանջել են. ընդունվել է որոշում պարտադիր դեղատոմսերը փուլային ներդնելու մասին՝ մի մասը պետք է ուժի մեջ մտնի մարտի 1-ից, ապա  երկրորդ մասը՝ հուլիսի 1-ից, մնացյալ բոլորը՝ հոկտեմբերի 1-ից: Սակայն որեւէ իրավական ակտ դրա վերաբերյալ մինչ այս պահը գոյություն չունի, իսկ հոկտեմբերի 1-ը սարերի ետեւում չէ»,- ասաց Վահե Վարսանյանը եւ հավելեց, որ այս հայտարարությունները մարդկանց մոլորության մեջ են գցում եւ քաոս ստեղծում: Բնակչությունը հիմա մի քանի ամսվա պաշարի դեղ է գնում, ընդ որում՝ ոչ միայն այն դեղերը, որոնք մարտի 1-ից դեղատոմսերով են բաց թողնելու, այլեւ կարդիոդեղամիջոցները, ճնշման դեղերը, ցավազրկողները, ինչպես նաեւ առանց դեղատոմսերի դեղերը: Ինչ վերաբերում է հորմոնալ դեղամիջոցներին, ապա վահանաձեւ գեղձի հիվանդություններով տառապող մարդիկ դրանք գնում են 10-15 տուփով, եւ դեղատներում արդեն այս դեղերի դեֆիցիտ է զգացվում:

Ի պատասխան հարցին՝ բիզնեսին ձեռնտու չէ՞ վաճառքի նման ալիքը, ընկերության ղեկավարը նշեց, որ պղտոր ջրում ձուկ որսացողին դա ձեռնտու է, սակայն երկարաժամկետ հեռանկարում՝ ոչ: Նրա խոսքով՝ մարդիկ հիմա դեղեր են գնում եւ անգամ գներին չեն նայում, եւ դրանից որոշ սուբյեկտներ կարող են օգտվել: «Բայց այդ, փողը մարդկանց ձեռքին երկնքից չի հայտնվել, նրանք ստիպված կլինեն ինչ-որ մի ուրիշ բանի վրա գումար խնայել, իսկ դեղատներում վաճառքն անկում կունենա»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի բնակիչներն առանց այն էլ դեղերի վրա շատ քիչ են ծախսում: Այսպես՝ եթե ԱՄՆ-ում բնակչության մեկ շնչի հաշվով դեղերի օգտագործումը տարեկան կազմում է 800 դոլար, եվրոպական երկրներում՝ 400-700, Ռուսաստանում՝ 100 դոլարից ավելի, ապա Հայաստանում՝ ընդամենը 40 դոլար:

Ինչ վերաբերում է բուն դեղատոմսերին, ապա Վահե Վարսանյանը հիշեցրեց, որ բազմակի օգտագործման դեղատոմսերը կարելի է օգտագործել ընդամենը 6 անգամ, իսկ սա շատ քիչ է քրոնիկական հիվանդների համար՝ հաշվի առնելով, որ շատերը դեղերը հատով են գնում: Դրանից բացի, մի ձեւաթղթի վրա բժիշկը կարող է 2 դեղ գրել, եւ անհասկանալի է՝ ինչպե՞ս են վարվելու, եթե նույն դեղատանը այս դեղերից մեկը չունենան: Այսինքն՝ եթե մարդը գնում կատարի տարբեր դեղատներում, ինչպե՞ս են վարվելու դեղատոմսի հետ: «Կան այսպիսի մանրուքներ, որոնք հաշվի չեն առնվել»,- ասաց նա:

Դեղագործական ընկերության ղեկավարը Երեւանի օրինակով ցույց տվեց, որ բուժհաստատությունները ի վիճակի չեն լինի հիվանդների հոսքին սպասարկել եւ անհրաժեշտ քանակությամբ դեղատոմսեր դուրս գրել: Այսպես՝ «Վագա Ֆարմի» հետազոտությունները ցույց են տվել, որ քաղաքի պոլիկլինիկաները կարող են դուրս գրել ամսական 1000 դեղատոմս: «Երեւանում 25 պոլիկլինիկա կա, ասենք՝ եւս 10 հիանդանոց եւ մի քանի մանր բուժհաստատություններ: Ենթադրենք, որ նրանք բոլորը միասին կարող են դուրս գրել ամսական 50 հազար դեղատոմս»,- ասաց նա: Ըստ որում՝ քաղաքում կա 700 դեղատուն: Եթե նույնիսկ  չհաշվենք 700-ից 200 փոքրերը, այլ միայն  500-ը, եւ հաշվենք, որ դրանցից յուրաքանչյուրը ամեն օր բաց է թողնում դեղատոմսով  նվազագույնը 100 տուփ դեղ, ապա ամենակոպիտ  հաշվարկով ստացվում է ամսական 1 500 000 տուփ դեղատոմսով դուրս գրված դեղ:

«Մեր բուժհաստատությունները նման թողունակություն չունեն, որպեսզի այսպիսի քանակությամբ դեղատոմսեր ապահովեն: Եվ սա առաջին խնդիրն է: Երկրորդն այն է, որ հիմա արդեն այդ բժիշկները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում, իսկ նրանց աշխատավարձերն ավելի ցածր են, քան հավաքարարներինը: Ժողովուրդը դեռեւս 50 տարի էլ պիտի արտագաղթի, որպեսզի ունեցած բուժանձնակազմի եւ պոտենցիալ հիվանդների միջեւ հավասարակշռություն ստեղծվի: Այսինքն՝ մենք անհրաժեշտ թվով բժիշկներ չունենք, երկրորդ՝ պետությունը չի կարող նրանց նորմալ վճարել: Եվ նման պայմաններում այս քայլին դիմելը շատ մեծ արկածախնդրություն է»,- ասաց նա՝ հավելելով, որ հենց դեղատները դեղատոմսերով դեղերը բաց թողնելու ոչ մի խնդիր չունեն, նրանք դրան պատրաստ են, սակայն դրան պատրաստ չէ առողջապահության ամբողջ համակարգը: Եվ իրեն հասկանալի չէ այս հարցում կառավարության ծայրահեղ մոտեցումը, ներառյալ սահմանված տուգանքները։

Այսպես՝ սխալ դուրս գրված դեղատոմսի համար բժիշկները կտուգանվեն 5 հազար դրամով, նման գործողությունը կրկնվելու դեպքում՝ 10 հազար դրամով: Նույնպիսի տուգանքներ են սահմանվում դեղատների աշխատակիցների համար, եթե առանց դեղատոմսի դեղ բաց թողնեն: «Երբ մենք բարձրացնում ենք այս տուգանքների հարցը, մեզ ասում են՝ ոչինչ, թող լինի, թող վարժվեն: Եվ բերում են անվտանգության ամրագոտիների օրինակը, երբ տուգանքների պատճառով վարորդները սկսեցին ամրագոտիները կապել: Սակայն սա ճիշտ օրինակ չէ, քանի որ այդ ամրագոտին մեքենայի մեջ կա, եւ մարդուն կարելի է ստիպել այն կապել: Իսկ մեզ մոտ ե՛ւ բժիշկները քիչ են, ե՛ւ մարդիկ փող չունեն: Անընդհատ խոսում են ինքնաբուժության մասին, բայց չէ՞ որ այնպես չէ, որ մարդիկ այնքան փող ունեն, որ մեծ քանակությամբ դեղեր են գնում, եւ սա բացասական ազդեցություն է ունենում: Հակառակը՝ ժողովուրդը գնում է բժշկի նշանակած դեղերի նվազագույն քանակությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջին հարցը չլուծած, հիմք չստեղծած՝ կառավարությունը մտածում է միայն տուգանքների եւ այն մասին, թե ինչպես մարդկանց համար լրացուցիչ խնդիրներ ստեղծի:

Մասնագետի կարծիքով՝ այս ամենն արվում է արտասահմանյան կազմակերպություններին ցույց տալու համար, որ մենք ընթանում ենք զարգացած երկրների ճանապարհով: Եվ այս գործի համար դրամաշնորհներ ու վարկեր են ստացել, որոնք արդեն մսխսել են: Սակայն այս ամենը լավ է զարգացած երկրների համար, բայց ոչ Հայաստանի, որտեղ բնակչության 40 տոկոսն ապրում է աղքատության սահմանից անդին:

Վահե Վարսանյանը կարծում է, որ ԱՆ եւ Դեղերի ու բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործողություններն ամենեւին թելադրված չեն բնակչության առողջության մասին մտահոգությամբ, այլ ուղղված են լրացուցիչ դժվարություններ ստեղծելուն:

«Մենք ամեն օր տեսնում ենք, որ առողջապահության նախարարությունը եւ դեղգործակալությունը իրենց կաշվից դուրս են գալիս, որպեսզի թանկացնեն բժշկությունը, հատկապես դեղերի գները, եւ բարդացնեն որակյալ ու մատչելի դեղերի հասանելիությունը։ Նրանց բոլոր նախաձեռնությունները կործանարար են եւ միտված են մեր քաղաքացիների կյանքը դժվարացնելուն, չարչարանքները շատացնելուն»,- ասաց Վահե Վարսանյանը։

Դեղերի բացթողում դեղատոմսով. Ինչո՞ւ է Իբուպրոֆենը հայտնվել 2 ցուցակում, եւ ի՞նչ հերթեր կգոյանան պոլիկլինիկաներում

Դեղերի՝ դեղատոմսերով բացթողումը ուժի մեջ կմտնի աստիճանաբար. առաջինը կլինեն հակաբիոտիկները

Առողջապահության նախարարությունը հրապարակել է մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը

ԱՆ հրապարակել է դեղատոմսով եւ առանց դեղատոմսի դուրս գրվող ՀՀ–ում գրանցված դեղերի նորացված ցանկը

Իրարանցում երեւանյան դեղատներում. Մարդիկ գնում են հորմոնալ եւ կարդիոդեղամիջոցներ (տեսանյութ)

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է