Հայաստանում մարդկանցից շատերն իսկապես ինքնաբուժությամբ են զբաղվում, սակայն ոչ մեկը հորմոնալ դեղամիջոցներն իր հայեցողությամբ չի գնում ու չի ընդունում, ուստի դրանց բացթողումը դեղատներից բացառապես բժշկի դեղատոմսով դարձնելու ոչ մի անհրաժեշտություն չկար: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երեւանի ավագանիի «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը:

Բավականին հաճախ մարդիկ դեղատներում հակաբիոտիկներ են գնում եւ դրանք ընդունում առանց բժշկի նշանակման, ինչը կարող է մի շարք լուրջ խնդիրներ առաջացնել եւ իր ավանդն ունենալ հակաբիոտիկների նկատմամբ կայունության տարածման մեջ: Սակայն հորմոնալ դեղամիջոցների դեպքում Հայաստանում նման խնդիր չկա. մարդկանց մեծամասնությունը վախով է վերաբերվում հորմոնալ դեղամիջոցներին եւ երբեմն չի ցանկանում դրանք ընդունել նույնիսկ այն դեպքում, երբ բժիշկն է նշանակում:

Ինչպես նշեց Մարինա Խաչատրյանը, մաշկային հիվանդությունների բուժման համար նախատեսված որոշ քսուքներ նույնպես հորմոններ են պարունակում: Երբ մարդուն մաշկի հետ կապված խնդիրներ են անհանգստացնում, նա, որպես կանոն, բժշկի է դիմում, ոչ մեկն առանց մասնագետի հետ խորհրդակցելու հորմոնալ քսուքներ չի գնի եւ չի օգտագործի:

Եթե բժշկի նշանակած դեղամիջոցով բուժումից հետո որոշ ժամանակ անց հիվանդի մոտ մաշկային խնդիրը կրկնվում է, նա կարող է դարձյալ գնել այն նույն դեղը եւ նորից սկսել այն օգտագործել. սա, մասնագետի խոսքով, բնական իրավիճակ է, երբ մարդը հորմոնալ դեղամիջոցն ինքնուրույն է գնում: Մեկ այլ իրավիճակում բժիշկը կարող է հեռախոսով կամ որեւէ այլ կերպ հիվանդին ասել, թե իրեն հիմա կոնկրետ ինչ հորմոնալ միջոց է պետք:

Սակայն եթե հորմոնալ դեղամիջոցները, այդ թվում՝ քսուքները, պետք է բաց թողնվեն միայն դեղատոմսով, հիվանդը ստիպված կլինի կրկին գնալ բժշկի մոտ եւ նրան կրկին վճարել հիվանդության վերաբերյալ խորհրդատվության համար, որի մասին նա արդեն ամեն ինչ գիտի:

Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանն ընդունված կառավարության որոշմամբ Հայաստանում 2018-ի մարտի 1-ից ուժի մեջ է մտնում դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգը: Դեղատոմսով առաջին հերթին բաց կթողնեն հակաբիոտիկները, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղամիջոցները: Հուլիսի 1-ից կարգը կտարածվի ներարկման բոլոր դեղամիջոցների վրա: Ամբողջ գործընթացը կավարտվի հոկտեմբերի 1-ին, երբ արդեն դեղատոմսերով բաց թողվող դեղերի ցուցակում ընդգրկված բոլոր դեղերը դեղատոմսով կվաճառվեն:

Դեղերի բացթողում դեղատոմսով. Ինչո՞ւ է Իբուպրոֆենը հայտնվել 2 ցուցակում, եւ ի՞նչ հերթեր կգոյանան պոլիկլինիկաներում

Դեղերի՝ դեղատոմսերով բացթողումը ուժի մեջ կմտնի աստիճանաբար. առաջինը կլինեն հակաբիոտիկները

Առողջապահության նախարարությունը հրապարակել է մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը

ԱՆ հրապարակել է դեղատոմսով եւ առանց դեղատոմսի դուրս գրվող ՀՀ–ում գրանցված դեղերի նորացված ցանկը

Իրարանցում երեւանյան դեղատներում. Մարդիկ գնում են հորմոնալ եւ կարդիոդեղամիջոցներ (տեսանյութ)

Խուճապ բնակիչների շրջանում եւ պոլիկլինիկաների թողունակությունը. դեղատոմսերի պահանջը մեկնաբանում է «Վագա Ֆարմի» ղեկավարը