Դեղատոմսերի դուրսգրման նոր կարգի ուժի մեջ մտնելը, որի համաձայն դեղատոմսում կարելի է նշել միայն ազդող նյութը, արմատախիլ չի անի այն պրակտիկան, երբ բժիշկները հիվանդներին խորհուրդ են տալիս այս կամ այն կոնկրետ ապրանքանիշը: Ավելին՝ նոր կարգը կբերի նրան, որ «անհրաժեշտ» դեղերը կսկսեն վաճառել դեղատների աշխատողները: Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Ընտանիքի առողջության պահպանման համալիր» ԲՀԿ ղեկավար Մերի Խաչիկյանը, հասարակական առողջության հարցերով մասնագետ Դավիթ Պետրոսյանը եւ Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:

Խոսելով պարտադիր դեղատոմսերի մասին՝ բժիշկ Խաչիկյանը նշեց, որ զարգացած երկրներում այս համակարգն արդյունավետորեն գործում է հանուն  բնակչության բարօրության, բայց այնտեղ նաեւ արդյունավետորեն գործում է ապահովագրական համակարգը, եւ մարդիկ չեն մտահոգվում այն մասին, թե դա որքան արժե: Իսկ Հայաստանում, նրա խոսքով, այս ամենը ֆինանսական բեռ է դառնում տատիկների ու պապիկների եւ ցածր աշխատավարձով մարդկանց համար: Նրա կարծիքով՝ պարտադիր դեղատոմսերի վերաբերյալ պահանջը կբերի ե՛ւ դեղերի, ե՛ւ բուժծառայությունների թանկացման:

Հաջորդ վտանգը, որի վրա մասնագետը ուշադրություն հրավիրեց այն է, որ հիմա դեղատների աշխատողները կսկսեն բժիշկների փոխարեն մարդկանց այն ապրանքանիշն առաջարկել, որի վաճառքի հարցում շահագրգռված են: Այս կապակցությամբ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ բժիշկները, միեւնույն է, կկարողանան բանավոր հայտնել անհրաժեշտ դեղամիջոցների մասին, իսկ դրան կավելանա նաեւ դեղատների ակտիվությունը: Ըստ որում՝ նա հավելեց, որ սխալ եւ մանրախնդրություն է համարում բժիշկներին դատապարտել դեղագործական ընկերությունների հետ համագործակցության համար, քանի որ, նախ, հենց դեղագործական ընկերությունների շնորհիվ են բժիշկները  գիտաժողովների ու սիմպոզիումների մասնակցում եւ բարձրացնում իրենց որակավորումը, երկրորդ՝ գովազդվող դեղերը, որպես կանոն, ինովացիոն են եւ արդյունավետ: Ըստ որում, նրա խոսքով, այսպիսի հայտարարությունները բերում են բժիշկների հանդեպ անվստահության առաջացման:

Պարունակ Զելվեյանը հավելեց, որ սա անմեղության կանխավարկածի խախտում է: «Այստեղ պետք է վերադառնալ գլխավոր հարցին՝ բժիշկը պատասխանատու է արդյունավետ բուժման համար: Այսինքն՝ եթե բժիշկը նույնական 15 դեղից ընտրել է տվյալ դեղամիջոցը, ապա նա հաշվի է առել ոչ միայն դրա ապրանքանիշային անվանումը, այլ նաեւ մի շարք այլ պարամետրեր՝ օժանդակ նյութերը, ներծծման արագությունը եւ այլն: Եվ նա կոնկրետ դեղը չի ընտրել կոնկրետ հիվանդի համար: Իսկ արդյունքում կունենանք այն, որ դեղատունը կվաճառի այն դեղը, որի իրացմամբ ինքը զբաղվում է: Եվ եթե այն ավելի էժան է բժշկի նշանակածից, մեր սոցիալական պայմաններում հիվանդը շահագրգռված կլինի մեկը մյուսով փոխարինելու հարցում»,- ասաց Պարունակ Զելվեյանը

Նա հավելեց, որ պետք է տեսնել՝ բժիշկը համագործակցում է տասնյա՞կ ընկերությունների, թե՞ մեկի հետ: Նրա խոսքով՝ դրա համար բժշկական հանրույթում կա շահերի բախման հայտարարագիր հասկացությունը, որի մեջ բժիշկը գրում է, թե որ դեղագործական ընկերությունների հետ է համագործակցում: «Հայտարարագիրը կարդալով՝ կարելի է հասկանալ՝ Պարունակ Զելվեյանը տվյալ ընկերության գործակա՞լն է եւ դեղեր է վաճառում, թե՞ բոլոր դեղերից ընտրում է տվյալ հիվանդի համար ամենալավը»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանն ընդունված կառավարության որոշմամբ Հայաստանում 2018-ի մարտի 1-ից ուժի մեջ է մտնում դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգը: Դեղատոմսով առաջին հերթին բաց կթողնեն հակաբիոտիկները, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղամիջոցները: Հուլիսի 1-ից կարգը կտարածվի ներարկման բոլոր դեղամիջոցների վրա: Ամբողջ գործընթացը կավարտվի հոկտեմբերի 1-ին, երբ արդեն դեղատոմսերով բաց թողվող դեղերի ցուցակում ընդգրկված բոլոր դեղերը դեղատոմսով կվաճառվեն:

Դեղերի բացթողում դեղատոմսով. Ինչո՞ւ է Իբուպրոֆենը հայտնվել 2 ցուցակում, եւ ի՞նչ հերթեր կգոյանան պոլիկլինիկաներում

Դեղերի՝ դեղատոմսերով բացթողումը ուժի մեջ կմտնի աստիճանաբար. առաջինը կլինեն հակաբիոտիկները

Առողջապահության նախարարությունը հրապարակել է մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը

ԱՆ հրապարակել է դեղատոմսով եւ առանց դեղատոմսի դուրս գրվող ՀՀ–ում գրանցված դեղերի նորացված ցանկը

Իրարանցում երեւանյան դեղատներում. Մարդիկ գնում են հորմոնալ եւ կարդիոդեղամիջոցներ (տեսանյութ)

Դեղատոմսերով դեղերի բացթողումը միանշանակ ճիշտ է, սակայն հարցի երկրորդ կողմն էլ կա. Պարունակ Զելվեյան