Ինքնաբուժությամբ զբաղվող եւ առանց բժշկի դեղատոմսի հակաբիոտիկներ ընդունող մարդիկ կշարունակեն դա անել նաեւ դեղերի բացթողման նոր կարգը ուժի մեջ մտնելուց հետո: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երեւանի ավագանիի «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը:

Բժշկի խոսքով՝ հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտությունը իսկապես լուրջ գլոբալ խնդիր է, սակայն այն նույնիսկ տեղային լուծում չի ստանա դեղերն ազատ բաց թողնելու արգելքով, քանի որ ե՛ւ քաղաքացիները, ե՛ւ դեղատները այս արգելքը շրջանցելու միջոցներ կորոնեն եւ կգտնեն: Օրինակ՝ որոշ դեղատներ կարող են սկսել բժիշկների ընդունել, որոնք նրանց հաճախորդներին անրաժեշտ դեղատոմսեր դուրս կգրեն: Մյուս դեղատները կսկսեն բժիշկներից դեղատոմսերի ձեւաթղթեր գնել եւ շարունակել մարդկանց հակաբիոտիկներ վաճառել, որոնք չեն խորհրդակցել իսկական բժշկի հետ եւ ախորոշում չեն ստացել՝ այս ամենի փոխարեն, պարզապես որոշել են, որ իրենք հակաբիոտիկների կարիք ունեն:

Դրանից բացի, վերջին շրջանում մարդիկ դեղատներում ակտիվորեն հակաբիոտիկներ, ցավազրկողներ, հորմոնալ եւ շատ այլ դեղեր են գնում, եւ առաջիկա շաբաթներին, իսկ գուցե եւ ամիսներին նրանք այս դեղերը կընդունեն սեփական հայեցողությամբ՝ բժշկի հետ չխորհրդակցելով:

Նշենք, որ մարդիկ բավական հաճախ հակաբիոտիկներ են գնում ու ընդունում գրիպի եւ այլ վիրուսային հիվանդությունների ժամանակ, չնայած չի կարելի այդպես վարվել, քանի որ հակաբիոտիկները նախատեսված են բակտերիաների դեմ պայքարելու համար, այլ ոչ թե վիրուսների: Հակաբիոտիկներ չի կարելի խմել նաեւ բարդությունների կանխարգելման համար. իրականում դրանք չեն կարող գրիպի դեպքում օգնել բարդություններից խուսափելուն, ավելին՝ որոշ դեպքերում կարող են դրա ընթացքը միայն ծանրացնել:

Հակաբիոտիկների սխալ, չհիմնավորված ընդունումը նպաստում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության տարածմանը՝ լուրջ գլոբալ խնդիր, որը կարող է մարդկությանը վերադարձնել այն ժամանակաշրջան, երբ հակաբիոտիկները դեռեւս չէին հայտնաբերվել, եւ հասարակ ինֆեկցիաները հարյուր հազարավոր մարդկանց էին սպանում: ԱՀԿ-ն ժամանակ առ ժամանակ հրապարակում է բակտերիաների ցանկը, որոնք հակաբիոտիկների նկատմամբ կայուն են դարձել, եւ որոնց դեմ պայքարի համար նոր դեղամիջոցներ են պահանջվում:

Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանն ընդունված կառավարության որոշմամբ Հայաստանում 2018-ի մարտի 1-ից ուժի մեջ է մտնում դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգը: Դեղատոմսով առաջին հերթին բաց կթողնեն հակաբիոտիկները, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղամիջոցները: Հուլիսի 1-ից կարգը կտարածվի ներարկման բոլոր դեղամիջոցների վրա: Ամբողջ գործընթացը կավարտվի հոկտեմբերի 1-ին, երբ արդեն դեղատոմսերով բաց թողվող դեղերի ցուցակում ընդգրկված բոլոր դեղերը դեղատոմսով կվաճառվեն:

Դեղերի բացթողում դեղատոմսով. Ինչո՞ւ է Իբուպրոֆենը հայտնվել 2 ցուցակում, եւ ի՞նչ հերթեր կգոյանան պոլիկլինիկաներում

Դեղերի՝ դեղատոմսերով բացթողումը ուժի մեջ կմտնի աստիճանաբար. առաջինը կլինեն հակաբիոտիկները

Առողջապահության նախարարությունը հրապարակել է մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը

ԱՆ հրապարակել է դեղատոմսով եւ առանց դեղատոմսի դուրս գրվող ՀՀ–ում գրանցված դեղերի նորացված ցանկը

Իրարանցում երեւանյան դեղատներում. Մարդիկ գնում են հորմոնալ եւ կարդիոդեղամիջոցներ (տեսանյութ)

Խուճապ բնակիչների շրջանում եւ պոլիկլինիկաների թողունակությունը. դեղատոմսերի պահանջը մեկնաբանում է «Վագա Ֆարմի» ղեկավարը