Էլեկտրոնային առանձին լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվում, թե իբր դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դուրս գրվող ցանկերը պետք է սահմանվեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Դրանով ցանկանում են թյուր կարծիք ձեւավորել, թե իբր չկա «Դեղերի մասին» օրենքով ու ՀՀ կառավարության փետրվարի 28-ին ուժի մեջ մտած N 1402-Ն որոշման պահանջները կատարելու գործող իրավական ակտ։ Այս մասին ասվում է առողջապահության նախարարության պարզաբանման մեջ։
Այս առթիվ նախարարությունը բազմիցս տեղեկացրել է, որ դեղի դեղատոմսով կամ առանց դեղատոմսի իրացվող եւ (կամ) հսկվող դեղերի խմբերին պատկանելը որոշվում է գրանցման ժամանակ («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 24): Դեղը դեղատոմսով բաց թողնվող դեղերի շարքին է դասվում, եթե`
1) կարող է ուղղակի կամ անուղղակի վնասել պացիենտի առողջությանը, եթե կիրառվում է առանց բժշկի հսկողության.
2) կարող է վնասել պացիենտների առողջությանը նշանակմանը ոչ համապատասխան կիրառման արդյունքում.
3) պարունակում է այնպիսի դեղանյութեր, որոնց դեղաբանական ակտիվության եւ (կամ) կողմնակի ազդեցության հետագա ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա.
4) ներմուծվում է օրգանիզմ հարմարսողական (պարէնտերալ) ճանապարհով.
5) պարունակում է Լիազոր մարմնի սահմանած քանակներից ավելի թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր.
6) էական վտանգ է ներկայացնում չարաշահելու, կախվածություն առաջացնելու կամ անօրինական նպատակներով կիրառելու տեսանկյունից.
7) պարունակում է նյութեր, որոնք, ելնելով դեղաբանական առանձնահատկություններից, հավասարեցվում են 6-րդ կետում նշված դեղերի շարքին.
8) նախատեսված է միայն հիվանդանոցային պայմաններում կիրառելու համար.
9) կիրառվում է այնպիսի հիվանդությունների բուժման համար, որոնց ախտորոշումը կատարվում է բժշկական հաստատությունում, չնայած դեղաբուժությունը եւ հետագա հսկողությունը բժշկի կողմից կարող են իրականացվել արտահիվանդանոցային պայմաններում.
10) նախատեսված է արտահիվանդանոցային բուժման համար, սակայն դեղի օգտագործումը կարող է ուղեկցվել լուրջ կողմնակի երեւույթներով, որոնք պահանջում են բժշկի հսկողություն ամբողջ բուժման ընթացքում:
Դեղի գրանցումն իրականացնում է Լիազոր մարմինը` ՀՀ առողջապահության նախարարությունը, փորձագիտական եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով (“Դեղերի մասին” ՀՀ օրենք, հոդված 16, մաս 2):
Դեղի գրանցման ժամկետը 5 տարի է, որը հաշվարկվում է դեղի գրանցման վերաբերյալ Լիազոր մարմնի հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից: Գրանցման արդյունքում տրվում է գրանցման հավաստագիր, եւ գրանցված դեղն ընդգրկվում է գրանցամատյանում: Լիազոր մարմինն ապահովում է գրանցամատյանի հրապարակայնությունը եւ տեղադրումը Լիազոր մարմնի պաշտոնական կայքում («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 18):
Դեղի` դեղատոմսով կամ առանց դեղատոմսի բաց թողնելու կարգի մասին նշում է կատարվում գրանցամատյանում: («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 25, մաս 4):
Այպիսով, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն առողջապահության նախարարությունը իրավական ակտով հաստատում է միայն դեղի գրանցված լինելը: Գրանցված դեղի մասին բոլոր տեղեկությունները, այդ թվում պատկանելիությունը դեղատոմսով կամ առանց դեղատոմսի ցանկերին, ընդգրկվում է գրանցամատյանում: Այնուհետեւ Լիազոր մարմինն ապահովում է ինչպես ամբողջ գրանցամատյանի, այնպես էլ այդ գրանցամատյանից առանձնացված ցանկերի հրապարակայնությունը եւ տեղադրումը Լիազոր մարմնի պաշտոնական կայքում: («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 18 եւ 25):
Հետեւաբար, որեւէ իրավական հիմք չունեն հայտարարություններն այն մասին, որ անհրաժեշտ է ցանկերը հաստատել առողջապահության նախարարի հրամանով: Դրանք պարբերաբար թարմացվում են` դեղերի գրանցմանը զուգահեռ գրանցամատյանում կատարվող լրացումներին համապատասխան:
Հայտարարություններում հիշատակվող 2005թ եւ 2007թ ցանկերը հաստատվել են նախկին օրենքի շրջանակներում, որտեղ առկա է եղել նման պահանջ: Այդ ցանկերը կորցրել են իրենց արդիականությունը, քանի որ ավարտվել է դրանցում ընդգրկված դեղերի գրանցումը: Հաշվի առնելով նախորդ ձեւաչափով ցանկերի հաստատման աննպատակահարմարությունը՝ նոր օրենքով նման ցանկեր հաստատելու պահանջ չի սահմանվել:
Ինչ վերաբերում է Լիազոր մարմնի կողմից դեղատոմսով, առանց դեղատոմսի դեղերի խմբերին դեղի պատկանելիության որոշման ու դրա վերանայման կարգին («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 25), ապա պետք է նկատի ունենալ, որ այն բացառապես գրանցման ընթացակարգի մաս է, քանի որ որոշումն ընդունվում է գրանցման ժամանակ:
Ինչ վերաբերում է Լիազոր մարմնի կողմից դեղատոմսով, առանց դեղատոմսի դեղերի խմբերին դեղի պատկանելիության որոշման կարգին («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 25), ապա ներկայումս գործում է 2006 թվականի փետրվարի 7-ին ՀՀ ԱՆ N 123-Ն հրամանով (հավելված 6) հաստատված կարգը, մինչեւ նորի հաստատումը։
Ամփոփելով, եւս մեկ անգամ հայտնում ենք, որ գործող իրավական ակտերով առողջապահության նախարարի կողմից նշված ցանկերի հաստատում չի պահանջվում։
Նշենք, որ հրապարակումներում, որոնց մասին խոսում է Առողջապահության նախարարությունը, խոսքը ոչ միայն դեղատոմսով եւ առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկերի մասին է ընդհանրապես, այլ այն կոնկրետ ցասնկերի, որոնք պետք է ուժի մեջ մտնեին մարտի 1-ից։ Չէ որ 2018 թվականի փետրվարի 28-ից ուժի մեջ մտած կառավարության N 1402-Ն որոշման մեջ ոչինչ նշված չէ դեղերի դեղատոմսերով բաց թողնման փուլային ներդրման մասին, հետեւաբար, այս նորմատիվ ակտի համաձայն՝ մարտի 1-ից բժշկի դեղատոմսով բաց թողնվող ցանկի ԲՈԼՈՐ դեղերն են ենթակա դեղատոմսով վաճառքի, ոչ թե միայն հակաբիոտիկները, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղամիջոցները։ Այդ առումով չկա ո՛չ նախարարի հրաման, ո՛չ այլ նորմատիվ ակտ։
Այն մասին, որ դեղերի դեղատոմսով վաճառքը կիրականացվի փուլերով, հայտարարվել է Առողջապահության նախարարության ճեպազրույցի ժամանակ։ Առաջին փուլի սկիզբը հայտարարվել է մարտի 1–ը։ Հենց մարտի 1–ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ նախարար Ալթունյանը հայտնել էր, որ կառավարության համապատասխան որոշումը կընդունվի հաջորդ նիստի ժամանակ, այսինքն՝ գործընթացը սկսելուց մեկ շաբաթ անց։
Դեղերի՝ դեղատոմսերով բացթողումը ուժի մեջ կմտնի աստիճանաբար. առաջինը կլինեն հակաբիոտիկները






