• Latest news

Բժիշկները մարտի 1-ից դեղատոմսերը պետք է դուրս գրեն բլանկների վրա, որոնք չունեն. նոր կարգի հետ կապված 9 խնդիր  

2 մարտի, 2018  22:29

Դեղերը դեղատոմսով բաց թողնելը ճիշտ է, եւ այս կարգը բխում է հենց հիվանդների շահերից, քանի որ ինքնաբուժությունը կարող է լուրջ վնաս հասցնել մարդուն: Սակայն, նման փոփոխությունները պետք է կատարվեն ճիշտ, գրագետ, որպեսզի իսկապես օգուտ տան երկրի առողջապահական համակարգին: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել առողջապահության կազմակերպիչ, ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը:

Այս պահին մասնագետը նոր կարգի հետ կապված բազմաթիվ խնդիրներ է տեսնում: Եվ մինչ այդ կարգը ներդնելը, հարկավոր էր դրանք լուծել.

  1. Նոր կարգի փուլային ներդրման մասին հրաման դեռ չկա

Որոշումն այն մասին, որ դեղատոմսով դեղերը վաճառելու կարգը փուլ առ փուլ է ներդրվելու, կառավարության հաջորդ նիստում միայն կընդունվի: Իսկ մինչ այդ նոր դեղերի ցուցակի մասին, որոնք պետք է մարտի 1-ից դեղատոմսով վաճառվեն, ոչ մի իրավական ակտ չկա: Չնայած դրան՝ մարտի 1-ից երկրում մի շարք դեղեր դեղատներում վաճառվում են միայն բժշկի դեղատոմսով:

  1. Ոչ բոլոր բուժհաստատություններն ունեն դեղատոմսի նոր ձեւերը

Թեեւ դեղերի դուրս գրման կարգը գործում է արդեն երեկվանից, Հայաստանում ոչ բոլոր բժիշկները եւ բուժհաստատություններն են ապահովված դեղատոմսերի ձեւաթղթերով, ընդ որում մարզերում իրավիճակն ավելի վատ է, քան մայրաքաղաքում: Ստացվում է, որ բժիշկները մարտի 1-ից դեղատոմսերը պետք է գրեն բլանկների վրա, որոնք նրանք պարզապես չունեն:

  1. Անասնաբույժների համար դեղատոմսերի հաստատված ձեւեր չկան

Նոր կարգի հեղինակներն անասնաբույժների համար դեղատոմսերի բլանկներ ընդհանրապես չեն նախատեսել: Սակայն խնդիրն այն է, որ տնային կենդանիների բուժման համար անասնաբույժները հաճախ նշանակում են դեղեր, որոնք օգտագործում են մարդկանց բուժման համար:

Այդ դեղերի մեծ մասը (մասնավորապես հակաբիոտիկները) այսուհետ վաճառվելու են միայն բժշկի դեղատոմսով: Սատացվում է, որ բլանկներ չունեցող անասնաբույժները չեն կարողանա շներին եւ կատուներին այդ դեղերը նշանակել: Ո՞վ է պատասխան տալու, եթե կենդանիները այդ պատճառով մահանան,  հարց է հնչեցնում մասնագետը:

  1. Դեղը պետք է բժիշկն ընտրի

Նոր օրենքի համաձայն, բժիշկն իրավունք չունի դեղատոմսում դեղի անվանումը գրել՝ միայն դրա ազդող նյութը: Սա, սակայն, բազմաթիվ վտանգներ է պարունակում, պնդում է Գեւորգ Գրիգորյանը: Նախ՝ օրիգինալ դեղերը եւ ջեներիկները, որոնք պարունակում են նույն նյութը, բոլորովին էլ հավասարազոր չեն. օրիգինալ դեղերը միշտ ավելի լավն են եւ հիվանդը իրավունք ունի այդ իմանալ:

Բացի այդ, դեղի ազդեցությունը միայն ազդող նյութից կախված չէ, այլ նաեւ մի շարք այլ գործոններից, օրինակ դրա տարրալուծման ժամանակից եւ նրանից, թե ինչպես է այն օրգանիզմից դուրս գալիս: Դեղագետը, եթե անգամ նա ունի մասնագիտական կրթություն, կարող է չիմանալ այդ ամենը, ուստի միայն բժիշկը պետք է ընտրի հիվանդին առավել հարմար դեղամիջոցը եւ այդ ընտրությունը դեղագետի վրա թողնելը սխալ է:

Բացի այդ, նոր մոտեցումը կարող է նկատելիորեն երկարացնել դեղատնում մեկ հիվանդի սպասարկման համար անհրաժեշտ ժամանակը:

Օրինակ, եթե մարդը դեղատուն է եկել ցիպրոֆլոքսացինի դեղատոմսով, դեղագետը պետք է նրան առաջարկի այդ նյութը պարունակող բոլոր տարբերակները: Իսկ նման դեղերը առնվազն մեկ տասնյակ են: Եվ եթե դեղագետը ստիպված լինի բացատրել, ինչ է իրենից ներկայացնում դրանցից յուրաքանչյուրը, դրա համար մի ամբողջ հավերժություն կպահանջվի:

  1. Նոր կարգը կբարդացնի շտապ օգնության աշխատանքը

Եթե բոլոր ներարկվող դեղամիջոցները միայն բժշկի դեղատոմսով բաց թողնվեն, գիշերը ցավ ունեցող մարդիկ ստիպված կլինեն շտապ օգնություն կանչել, քանի որ նրանք չեն կարողանա ցավազրկող գնել: Նման կանչերը զգալիորեն կբարդացնեն շտապ օգնության աշխատանքը:

  1. Դեղատոմսի կորուստը վերահսկելու մեխանիզմ չկա

Այսօրվա դրությամբ դեղատոմսի կորուստը վերահսկելու մեխանիզմ չկա: Այսպես, հիվանդը կարող է դեղատոմսով գնել դեղը, հետո գնալ բժշկի մոտ եւ ասել, որ կորցրել է դեղատոմսը եւ խնդրել նորը գրել: Իսկ նոր տուփը նա կարող է արդեն ուրիշի վաճառել: Իսկ, դա, ինչպես նշել է մասնագետը, կարող է դեղերի ստվերային շրջանառության ավելացմանը հանգեցնել:

  1. Բժիշկը կարո՞ղ է ինքն իրեն դեղ դուրս գրել

Նոր օրենքում նշված չէ նաեւ, կարո՞ղ է արդյոք բժիշկն ինքն իր համար դեղ դուրս գրել: Եթե, այո, ապա ինչ քանակությամբ: Ինչն է խանգարում բժշկին իր համար ինչ-որ մի դեղից 50 տուփ գրել եւ վաճառել դրանք: Ո՞վ եւ ինչպե՞ս է դա վերահսկելու:

«Առաջանում են բազմաթիվ վտանգներ, որոնք կարող են այս ոլորտը բացարձակ անվերահսկելի դարձնել», - նշել է մասնագետը:

  1. Ի՞նչ դեղեր կարող է նշանակել բժիշկը

Օրենքում նաեւ նշված չէ, թե ինչ դեղեր կարող է նշանակել կոնկրետ բժիշկը: Արդյոք կարո՞ղ է ուրոլոգը հոգեմետ դեղ նշանակել: Կարո՞ղ է վիրաբույժը սրտաբանական դեղ նշանակել եւն:

  1. Պոլիկլինիկաները եւ բնակչության տեղեկացվածությունը

Ինչպես նշել է Գեւորգ Գրիգորյանը, Հայաստանի բնակչությունը դեռ չի վստահում պոլիկլինիկաներին, այդ պատճառով, մինչեւ դեղերի բաց թողնման կարգը փոխելը, ճիշտ կլիներ առողջապահության համակարգում բարեփոխումներ անցկացնել եւ վերադարձնել առաջնային օղակի հանդեպ մարդկանց վստահությունը:

Բացի այդ, նոր կարգի գործելուց դեռ մի քանի ամիս առաջ պետք էր բնակչության հետ աշխատանք տանել, ինքնաբուժության հետ կապված վտանգների մասին տեղեկատվություն տարածել, որ մարդիկ հասկանային, ինչու է անհրաժեշտ դեղերը միայն դեղատոմսով բաց թողնել: Միայն դրանից հետո նախարարի հստակ հրամանով պետք էր նոր կարգը փուլ առ փուլ ներդնել:

Գեւորգ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդ բժիշկները պատրաստ են օգնել առողջապահության նախարարությանը ուղղել այդ թերությունները, որպեսզի նոր կարգը ծառայի իր նպատակին եւ իսկապես օգտակար լինի:

«Հակաբիոտիկները լավ դեղեր են: Բայց նրանց օգտագործումը հարկավոր է կանոնակարգել, քանի որ դրանց սխալ օգտագործումը կարող է ռեզիստենտության խնդրի հանգեցնել: Դեղերը լավ բան են, բայց դրանք կարող են վնասել, եթե դրանք սխալ օգտագործվեն: Նույնն էլ օրենքն է. եթե այն չկանոնակարգվի, եթե այն չաշխատի ինչպես հարկն է, այն միայն վնաս կբերի», - նշել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է