Որոշման նախագծով, որը Առողջապահության նախարարությունն այսօր՝ մարտի 6-ին, կառավարության նիստի օրակարգ է մտցրել, թվարկված դեղերի մեջ, որոնք պետք է դեղատոմսով դուրս գրվեն այս որոշման ուժի մեջ մտնելու պահից, հորմոնային դեղամիջոցները չկան:
Առողջապահության նախարարությունից NEWS.am Medicine-ին պարզաբանեցին, որ նախատեսվում է հորմոնային դեամիջոցների դեղատոմսերով բաթողումը հետաձգել մինչեւ հոկտեմբերի 1-ը: Կոնկրետ ինչ դեղեր եւ երբվանից բաց կթողնվեն դեղատոմսերով հարցը կքննարկվի այսօր կառավարության նիստում:
Մինչդեռ նախկինում ԱՆ-ը հայտարարել էր, որ մարտի 1-ից դեղատոմսերով բաց կթողնվեն հակաինֆեկցիոն, հորմոնային եւ կոդեին պարունակող դեղամիջոցները: Այսօր ներկայացված նախագծի համաձայն՝ դեղատոմսերով բաց թողնելու կարգը առաջին փուլում տարածվում է թմրամիջոցներ պարունակող եւ հոգեմետ դեղերի վրա, ինչպես նաեւ հակաինֆեկցիոն դեղամիջոցների (հակաբակտերիալ, հակասնկային, հակամիկոբակտերիալ, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների եւ իմունոգլոբուլինի, պատվաստանյութերի) վրա:
Որոշման մեջ կա նաեւ մարտի 1-ից ԱՆ-ի ծավալած իրավական ամենաթողության արդարացման արտահայտություն. «Սահմանել, որ մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելը բժշկի կողմից գրված դեղատոմսը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշմամբ սահմանված կարգով»:
Ըստ այս որոշման, որի գործողությունն այսօր կկասեցվի, մարտի 1-ից դեղատոմսով պետք է բաց թողնվեին դեղատոմսային ցանկի բոլոր դեղերը, այդ թվում՝ հորմոնային: Այնպես որ, եթե այս 6 օրերին որեւէ մեկին առանց դեղատոմսի հորմոնային դեղեր չեն վաճառել, ապա ամեն ինչ օրինական է: Սակայն ինչպե՞ս վարվել այն հանգամանքի հետ, որ դեղատոմսերով դեղերի ցանկից մնացյալ բոլոր դեղերի վաճառքն առանց դեղատոմսի այս մի քանի օրերին ապօրինի է եղել:
Դեղերի՝ դեղատոմսերով բացթողումը ուժի մեջ կմտնի աստիճանաբար. առաջինը կլինեն հակաբիոտիկները





