ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 15-օրյա ժամկետում էլեկտրոնային առողջապահության ներդրման մասին հանձնարարականը ձախողվել է: Սա արձանագրեցին բժիշկների «Նախաձեռնող խմբի» կողմից մարտի 24-ին կազմակերպված եւ դեղատոմսով դեղերի տրամադրման նոր կանոնին նվիրված քննարկման ժամանակ:
Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի հիմնադիր Գեւորգ Գրիգորյանը, փոքր հարցում անցկացնելով ներկա գտնվող ատամնաբույժների եւ դեղագործների միջև, նշեց, որ այս հաստատություններից որեւէ մեկը չէր կարող առաջարկված ժամկետում անհրաժեշտ տեխնիկա եւ համապատասխան հմտություններ ձեռք բերել: «Չի կարելի այդքան արժեզրկել վարչապետի կարգադրությունը»,- ասաց նա:
Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանը հավելեց, որ սա նույնն է, ինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին հանձնարարել 15 օրվա ընթացքում աշխարհի չեմպիոն դառնալ:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը համապատասխան մարմիններին հանձնարարել էր 15 օրում ապահովել էլեկտրոնային առողջապահական համակարգի լիարժեք ներդրումը:
Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, մարզային կենտրոնների ղեկավարներին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկվել էր 15 օրում պայմաններ ստեղծել մայրաքաղաքային եւ մարզային բժշկական հաստատություններում էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման համար:
Նշենք, որ այս համակարգի ներդրումը մեծ դժգոհություն է առաջացրել ոլորտում՝ կոնցեսիոների բարձր գների և ներդրման սեղմ ժամկետների առումով: Բացի այդ, բժշկական հաստատությունները պետք է համապատասխան սարքավորումներ եւ լավ ինտերնետ ունենան, ինչը բավականին թանկ է, իսկ երբեմն՝ անհնար, հատկապես՝ գյուղական հաստատությունների համար:
Պետությունը խոստացել է մինչև ընթացիկ տարվա կեսը սուբսիդավորել էլեկտրոնային առողջապահության ծառայությունների ծախսերը, սակայն դա խնդրի ժամանակավոր լուծում է: Մարտի 24-ին կայացած նույն քննարկման ժամանակ բժիշկներից մեկը հարցրեց, թե ինչպե՞ս են հաշվարկվել գները, օրինակ, 30 դրամ՝ մեկ էլեկտրոնային դեղատոմսի համար, երբ ԱՄՆ-ում այդ գինը դրամի հաշվարկով 5 դրամ է կազմում:
Էլեկտրոնային համակարգի ներդրումը կբերի դեղերի էլ ավելի մեծ թանկացման. ԴԱՆՄ ղեկավար
Պետք է թույլ չտալ, որ նոր հեծանիվ հնարեն եւ թալանեն` նորարարության անվան տակ. Վահե Վարսանյան
Շիրակի ատամնաբույժները բողոքի ակցիա կանցկացնեն մարզպետարանում՝ ընդդեմ eHealth համակարգի






