Օրական 2 բաժակ խնձորի հյութը զգալիորեն նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը, որը տկարամտության ամենատարածված ձեւերից մեկն է, պնդում են University of Massachusetts-ի գիտնականները: Ճիշտ է, խնձորի հյութի էֆեկտը հայտնաբերվել է առայժմ միայն մկների վրա կատարված փորձերում:

Գիտնականները համոզվել են, որ այն կենդանիների մոտ, որոնց խնձորի հյութ են տվել, ստուգիչ խմբի համեմատությամբ հիվանդության ախտանշաններն ավելի հազվադեպ են հայտնվել: Բացի այդ՝ մկներն ավելի դյուրըմբռնող են դարձել, այս մասին վկայում են թեստերի արդյունքները:

Գիտնականների խոսքով՝ խնձորի մեջ պարունակվող նյութերն արգելակում են բետա ամիլոիդ սպիտակուցի արտադրումը, որը նստում է նյարդային հյուսվածքի վրա եւ ծանր հիվանդություն առաջացնում, սրանով էլ պայմանավորված է խնձորի արդյունավետությունը:

Մեկ ուրիշ հետազոտության համաձայն, որը հրապարակվել է The American Journal of Alzheimer's Disease and Other Dementias-ում, այս հյութի օգտագործումը կարգավորում է Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող հիվանդների տրամադրությունը. հիվանդների շրջանում, որոնք մեկ ամիս օրական 2 բաժակ խնձորի հյութ են խմել, դիտվել է տկարամտության վարքային եւ հոգեկան ախտանիշների 27 տոկոսով բարելավում՝ հիմնականում ուղեղի այն հատվածներում, որոնք կապված են տագնապի, անհանգստության եւ զառանցանքի հետ: