Մարդիկ առավել մտահոգվում են իրենց առողջության մասին երկուշաբթի օրերին։ Այս հետաքրքիր եզրակացությանն են եկել նոր ուսումնասիրության հեղինակ-գիտնականները։

Google-ում փնտրված հարցումների վերլուծությունից պարզ է դարձել, որ հատկապես երկուշաբթի օրերին են մարդիկ ավելի հաճախ իրենց առողջության հետ կապված հարցումներ կատարում։ Երեքշաբթի նման հարցումները պակասում են, բայց այս երկու օրերին առողջությանը վերաբերող հարցումների ընդհանուր թիվը 30%-ով գերազանցում է շաբաթվա մյուս օրերին արված ընդհանուր հարցումների թիվը։  Ամեն օր, միջին հաշվարկներով,  Google-ը առողջությանը վերաբերող մոտ 160 մլն որոնումներ է իրականացնում։

Սան Դիեգո համալսարանի հոգեբանները պնդում են, որ շաբաթվա վերջում մարդկանց հետաքրքրությունը իրենց առողջության նկատմամբ նվազում է. չորեքշաբթի հարցումների քանակը կրճատվում է 3%-ով, հինգշաբթի՝15%-ով, ուրբաթ՝ 30%- ով, իսկ շաբաթ՝ 80%-ով։

Հետաքրքիր է, որ շատ հիվանդություններ ի հայտ են գալիս  հենց երկուշաբթի օրը (որի մասին վկայում են հազարավոր հետազոտություններ)։ Հետեւաբար, երկուշաբթի օրերին մարդկանց՝ իրենց առողջության մասին մտահոգությունը այնքան էլ իզուր չէ։

Օրինակ, սրտային հիվանդությունների նոպաների մեծ մասը լինում են երկուշաբթի, հենց այդ օրերին են գրանցվում այսպիսի հիվանդությունների մահացության հիմնական դեպքերը (այս եզրակացությանն են եկել Շոտլանդացի հետազոտողները երկար ուսումնասիրություններից հետո)։ Երկուշաբթի օրերին բարձրանում է նաեւ մարդկանց զարկերակային ճնշումը, կաթվածը եւ մի շարք ինֆեկցիոն հիվանդությունների հավանականությունը։ Գիտնականները կարծում են, որ սա կապված է հանգստյան օրերին ալկոհոլի չարաշահումների եւ նոր աշխատանքային շաբաթվա սթրեսի հետ։