Բրիստոլի համալսարանի կենսաբանները գեների խմբագրման տեխնոլոգիա են ներկայացրել, որը կօգնի արյան բջիջներ ստեղծել այնպիսի հիվանդների փոխներարկման համար, որոնց չեն կարողանում օգնել դոնորները: Գիտնականները նշել են, որ բարելավված համատեղելիությամբ խմբագրված էրիտրոցիտների փոխներարկումը կարող է ավելի որակյալ բուժում ապահովել արյան առանձնահատուկ կառուցվածքով հիվանդների համար:
Հետազոտողներն առաջարկել են այս նպատակով CRISPR (clustered regularly interspaced short palindromic repeat) տեխնոլոգիա կիրառել: Մեխանիզմը գործում է «գտնել եւ փոխարինել» գործառույթի նման. Cas9 ֆերմենտը ԴՆԹ-ն բաժանում է նմուշի հիման վրա ընտրված հատվածում: Դրանից հետո յուրահատուկ գեները, որոնք կարող են իմունային ռեակցիա առաջացնել, հեռացվում են: Գիտնականները նշում են, որ մինչ մարդկանց մեծ մասը կարողանում է անվտանգ կերպով արյուն ստանալ դոնորական բազայից, մի շարք հիվանդություններով, օրինակ՝ թալասեմիայով տառապողները հաճախակի փոխներարկման կարիք ունեն, եւ նորարարությունն առաջին հերթին նրանց կարող է օգնել:
EMBO Molecular Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունն առաջին ապացույցն է այն բանի, որ գեների խմբագրումը կարելի է օգտագործել հատուկ պահանջմունքներ ունեցող հիվանդների համար հազվագյուտ կամ հարմարեցված էրիտրոցիտների ստեղծման գործում: Միաժամանակ, աշխատանքի հեղինակներն ընդգծում են բազմաթիվ բարդ տեխնիկական խոչընդոտները, որոնք հարկավոր է հաղթահարել՝ կլինիկաներում այս մոտեցումը կիրառելու համար:
«Գենետիկորեն մոդիֆիկացված բջիջների օգտագործմամբ ստացված արյունը կարող է մի գեղեցիկ օր ապահովել մի խումբ հիվանդների, որոնց համար դժվար է դոնոր գտնել»,- նշել է աշխատանքային խմբի ղեկավար Էշլի Թոյը: «Սակայն փոխներարկման նպատակով արյուն ստանալու համար հարկավոր է շատ աշխատանք տանել»,- հավելել է մասնագետը:






