Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ գրանցվել են պոլիոմիելիտի դեպքեր Ասիայում, Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում, հատկապես՝ Պակիստանում, Աֆղանստանում եւ Նիգերիայում: Այս երկրներում արտակարգ իրավիճակ է, որը սպառնում է միջազգային հանրության առողջությանը եւ պահանջում է համակարգված գործողություններ այն կանխելու համար: Այս երկրների քաղաքացիների կամ այստեղից ճամփորդության դուրս եկած մարդկանց հետ շփվելիս խորհուրդ է տրվում իրենց մոտ ունենալ պատվաստման վկայական:
Ընդամենը երկու տարի առաջ, 25-տարվա ընթացքում միլիարդավոր երեխաների պատվաստումից հետո այս վիրուսը գրեթե վերացել էր: Այժմ առողջապահության պաշտոնյաները հայտնում են, որ պետք է շտապ քայլեր ձեռնարկել, քանի դեռ շատ ուշ չէ:
Այս վիրուսը էնդեմիկ է համարվում երեք պետություններում միայն՝ Պակիստանում, Աֆղանստանում եւ Նիգերիայում:
Հայտարարված է արտակարգ դրություն՝ չնայած այս տարի դեպքերի քանակը դեռ այնքան էլ շատ չէ՝ ապրիլի 30-ի տվյալներով 68 մարդ՝ համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 24 դեպքի հետ:
Ամենից շատ փորձագետներին անհանգստացրել է այն, որ այս վարակը տարածվել է «մեռյալ ժամանակահատվածում»՝ հունվարից մինչ ապրիլ:
«Մենք չենք ուզում, որ հիվանդությունը տարածվի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Սուդանը կամ Ուկրաինան»,- ասել է ԱՄՆ–ում Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների գլոբալ իմունականխարգելման բաժնի տնօրեն Ռեբեկկա Մ. Մարտինը:
Գործակալությունը նաեւ խորհուրդ է տվել մյուս յոթ երկրների (Աֆղանստան, Հասարակածային Գվինեա, Եթովպիա, Իրաք, Իսրայել, Նիգերիա, եւ Սոմալի) ճանապարհորդներին պատվաստումներ ընդունել: Իսրայելում հիվանդության դեպքեր դեռ չեն արձանագրվել, բայց վիրուսի պակիստանյան տեսակը հայտնաբերվել է Թել-Ավիվի կեղտաջրերում եւ այլ տարածքներում:
Պոլիոմիելիտը սուր վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է կղանքի միջոցով: Չնայած նրան, որ 200 դեպքից միայն մեկն է առաջացնում այս հիվանդության ախտանիշները, սակայն հիվանդության առավել ծանր տեսակները կարող են հանգեցնել կաթվածների կամ մահվան: Այս հիվանդությանը բուժում չկա:
Ի տարբերություն հարբուխի կամ ձմռանը տարածվող շատ այլ հիվանդությունների՝ պոլիոմիելիտը զարգանում է շոգ եղանակին: Սրացումները լինում են ամռանը, երբ մուսոնային անձրեւները հեղեղում են կոյուղու խողովակները, եւ երեխաները վազում են ջրերի միջով: Նրանք հեշտությամբ կարող են վարակվել գնդակը գետնից վերցնելուց հետո մատը բերանը դնելուց կամ գնդակին ոտքով դիպչելուց:
Այս տարի արձանագրված 68 դեպքից 54-ը հայտնաբերվել է Պակիստանում: Պոլիոմիելիտը այնտեղից երբեք չի վերացել, քանի որ երկար տարիներ Թալիբների խմբակցությունները արգելել են պատվաստումներ կատարել Հյուսիսային Վազիրիստանում եւ սպանել են մասնագետների այն խմբերին, ովքեր փորձել են պատվաստել բնակչությանը:
Սիրիա, որտեղ պոլիոմիելիտի դեպքերը չեն դիտարկվել վերջին 14 տարիների ընթացքում, վարակը թափանցել է Պակիստանից: Թե ինչպես է այն հասել Սիրիա, անհայտ է, բայց ապրիլին այն արձանագրվել է իրաքյան փախստականների ճամբարում՝ չնայած Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում եւ այլ երկրներում իրականացված պատվաստումների: Այս տարի Սիրիայում գրանցվել է միայն մեկ դեպք, բայց անցած տարի հոկտեմբերին այնտեղ հայտնաբերվել է 13 դեպք:
Կամերուն վարակը թափանցել է Նիգերիայից: Այնպես ինչպես Պակիստանում, իսլամական ահաբեկչական խմբերը Նիգերիայում նույնպես սպանել են պատվաստող բժիշկներին: Այնուամենայնիվ, պատվաստման մի քանի փուլեր իրականացվել են:
Պակիստանի առողջապահության նախարար Սայրա Աֆզալ Թարարը ասել է, որ նախարարությունը ապահովել է ճանապարհորդների պատվաստումները մինչ ինքնաթիռ նստելը երկրի հինգ միջազգային օդանավակայաններում:
Տուժած երկրներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ պատվաստումներ իրականացնելու համար:
Սա նշանակում է ընդունել եւ վերապատրաստել հարյուր հազարավոր պատվաստող բժիշկների, ուղարկել նրանց պատվաստման կարիք ունեցող վայրեր՝ միլիոնավոր պատվաստանյութերով, որոնք անհրաժեշտ է պահել սառնարաններում կամ սառույցով տուփերում:






