ԱՄՆ-ում Քորնել համալսարանի գիտնականները պարզել են, որ սուրճի մեջ առկա հակաօքսիդանտը կարող է կանխել տեսողության վատթարացումը եւ կուրության առաջացումը:
Առավոտյան շատերն են մեկ բաժակ սուրճ խմում՝ աչքերը բացելու համար: Բայց նոր հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճը դրականորեն է ազդում տեսողության վրա:
Ըստ Agricultural and Food Chemistry ամսագրում հրապարակված հետազոտության տվյալների՝ գիտնականները պարզել են, որ սուրճի մեջ առկա ուժեղ հակաօքսիդանտը՝ քլորոգենային թթուն կանխում է մկների աչքերի ցանցաթաղանթի դեգեներացիան:
Ցանցաթաղանթը մի բարակ շերտ է, որը կազմված է միլիոնավոր լուսազգայուն եւ նյարդային բջիջներից, որոնք ստանում եւ փոխակերպում են տեսողական տեղեկությունները: Ցանցաթաղանթը նաեւ հանդիսանում է մետաբոլիկ ամենաակտիվ թաղանթը, քանի որ այն պահանջում է մեծ քանակությամբ թթվածին: Թթվածնի պակասը եւ ազատ ռադիկալների ազդեցությունը վնասում է ցանցաթաղանթի հյուսվածքները, որը կարող է հանգեցնել տեսողության կորստի:
Փորձի ընթացքում մկների աչքերը վերամշակվել են ազոտի օքսիդով՝ առաջացնելով օքսիդացման գործընթաց եւ ցանցաթաղանթի դեգեներացիա: Արդյունքում հետազոտողները պարզել են, որ կրծողների մոտ , որոնց ցանցաթաղանթը վերամշակվել էր քլորոգենային թթվով, աչքի ներքին հատվածում ոչ մի վնաս չի առաջացել:
Այժմ գիտնականները պետք է պարզեն՝ արդյոք թթուն ի վիճակի է հաղթահարել հեմատո-էնցեֆալիկ շեմը (արյան շրջանառության եւ կենտրոնական նյարդային համակարգերի միջեւ արկա շեմը), առանց մի շարք դեղերի: Եթե ստացվի դրական պատասխան, ապա մի հրաշալի օր բժիշկները խորհուրդ կտան խմել սուրճ՝ կուրությունը կանխելու համար:
«Սուրճն աշխարհում ամենատարածված ըմպելիքն է, բայց այժմ այն նաեւ կարելի է համարել ամենաօգտակարներից մեկը, չէ որ այն իր մեջ պարունակում է 7- 9% քլորոգենային թթու»,- նշել է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Չանգ Յ. Լին (Chang Y. Lee):






