Ամռանը արեւայրուք չստացած կանանց մահացության ցուցանիշը երկու անգամ ավելի է, քան նրանց ցուցանիշը, ովքեր սիրում են պառկել արեւի տակ: Այս եզրակացությանն են եկել Ստոկհոլմի Թագավորական ինստիտուտի շվեդ գիտնականները, որոնք 20 տարի հետեւել են գրեթե 30 հազար կանաց:
Հետազոտությունը սկսվել է 1990-92թթ, որին մասնակցել է 29518 շվեդ: 20 տարի անց պարզվել է, որ 2545 մասնակից մահացել է: Գիտնականները ապշել են՝ պարզելով, որ մահացած կանանց շրջանում ամռանը արեւայրուք չստացած կանանց թիվը երկու անգամ ավելի մեծ է եղել:
Հետազոտության արդյունքները շփոթություն են առաջացնում, որովհետեւ վերջին տասնամյակում բոլոր բժիշկները հայտարարում են, որ արեւի տակ երկար մնալը եւ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են առաջացնել մաշկի քաղցկեղ: Շվեդ գիտնականները պնդում են, որ առնվազն հյուսիսային երկրներում, այդ առաջարկությունները ամենայն հավանականությամբ ավելի վնասակար, քան օգտակար կլինեն մարդկանց առողջության համար: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ արեւից խուսափող կանայք մահանում են տարբեր հիվանդություններից, բայց մելանոմայի առաջացման վտանգը նրանց մոտ 10%-ով ավելի մեծ է, քան արեւայրուքի սիրահարների մոտ:
Շվեդ բժիշկները կարծում են, որ այս տարօրինակ երեւույթի պատճառը D վիտամինի պակասությունն է, որը օրգանիզմը ստանում է արեւի շողերից: Այս վիտամինի պակասը, ինչպես հայտնի է, մեծացնում է շաքարախտի եւ տուբերկուլոզի, բազմակի սկլերոզ եւ ռախիտ հիվանդության հավանականությունը:
Շվեդ բժիշկների հետազոտության արդյունքները, ըստ Daily Telegraph-ի, չեն հերքում արեւի վնասակար ազդեցությունը, այլ պնդում են հայտնի աքսիոմի ճշմարտացիությունը՝ ամեն ինչում պետք է չափի զգացում ունենալ: Արեւայրուք պետք է ընդունել, բայց չափավոր:






