Դեռահասները, ովքեր կանոնավոր կերպով խմում են էներգետիկ եւ սպորտային ըմպելիքներ, որպես կանոն, ունեն որոշակի վնասակար սովորություններ, պարզել են գիտնականները։
«Էներգետիկ ըմպելիքներ օգտագործող դեռահասները հաճախ ծխում են, օգտվում արգելված թմրադեղերից եւ չարաշահում են ալկոհոլը»,- ասել է Հյուսիսային Կենթուկկիից հոգեբան Սեսիլ Մարջինսկին։
Մարջինսկին ուսումնասիրում է էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը առողջության վրա, բայց այս նոր հետազոտության մեջ նա չի մասնակցում։
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դեռահասները, ովքեր կանոնավոր կերպով խմում են այս էներգետիկ եւ սպորտային ըմպելիքները, ժամանակի մեծ մասն անցկացնում են հեռուստացույցի առաջ եւ խաղում են տեսախաղեր։
Էներգետիկ եւ սպորտային ըմպելիքների օգտագործումը մեծապես տարածվել է դեռահասների շրջանում հատկապես վերջին տարիների ընթացքում, հայտնում է սննդակարգի եւ դիետոլոգիայի Ակադեմիայի ամսագիրը։
Իրենց գիտական աշխատանքի համար հետազոտողները հարցում են անցկացրել, որում ընդգրկված են եղել Միննեապոլիսի 20 հանրակրթական դպրոցների 2009-10 թթ մջնակարգ եւ ավագ դասարաններում սովորող 2800 մասնակից։
Հետազոտողները հարցրել են երեխաներին, թե ինչքան հաճախ են նրանք խմել էներգետիկ եւ սպորտային ըմպելիքներ եւ մի քանի հարց են տվել առողջության եւ առողջ ապրելակերպին վերաբերող տարբեր սովորությունների մասին։
Հարցմանը մասնակցող երեխաների գրեթե 40% խմել է էներգետիկ եւ սպորտային ըմպելիքներ շաբաթական առնվազն մեկ անգամ։ Ընդ որում, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, տղաները ավելի հաճախ են օգտագործել այս ըմպելիքները, քան աղջիկները։
Սպորտային ըմպելիքներ օգտագործող երեխաները ավելի հաճախ են խաղացել սպորտային խաղեր։ Բայց նրանք ամեն շաբաթ զգալիորեն ավելի երկար ժամանակ են անցկացրել տեսախաղեր խաղալով։ Բացի այդ, նրանք ավելի շատ են հեռուսատցույց նայել։
Սպորտային ըմպելիքներ օգտագործող տղաներն ու աղջիկները նաեւ խմել են քաղցր հյութեր եւ ծխել են։
«Այնուամենայնիվ, սպորտային ըմպելիները հարկավոր են միայն այն երեխաներին, ովքեր մասնակցում են որոշ ֆիզիկական էներգետիկ գործողությունների շոգ, բայց խոնավ եղանակային պայմաններում։ Իսկ եթե նրանք ամբողջ ժամանակ օգտագործեն այս ըմպելիքները, ապա այն կառաջացնի ավելորդ քաշ եւ կփչացնի ատամները»,- ասել է հետազոտության հեղինակ Միննեապոլիսի Մինեսոթայի համալսարանի ավագ գիտաշխատող Նիկոլ Լարսոնը։ Նա գտնում է, որ ֆիզիկապես ակտիվ երեխաների համար լավագույն ըմպելիքը ջուրն է։
Էներգետիկ ըմպելիքներում առկա կոֆեինի մեծ չափաբաժինը կարող է դրդել ուղեղին որոնել այլ խթանիչներ, կարծում է Մարջինսկին։






