Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 5-ին Սիսիանում խոստացավ առաջիկա օրերին լուծել քաղաքի հիվանդանոցի հարցը:
Նշենք, որ Սիսիանի քաղաքային հիվանդանոցը ըստ կառավորության որոշման պետք է լուծարվի: Հենց այս խնդիրն էլ քաղաքացիները բարձրացրին Փաշինյանի հետ հանդիպմանը՝ նշելով, որ իրենց կարծիքը հաշվի չեն առել:
«Երկու օր առաջ պաշտպանության նախարարի հետ այս թեմայով խոսել եմ, որքան գիտեմ նախարարը վաղը Սիսիան է գալիս եւ կարծում եմ՝ խնդիրը լուծման ճանապարհին է: Մեծ հավանականությամբ հարցը կլուծվի եւ ձեր մտահոգությունը կփարատվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 464–Ա որոշմամբ Սիսիան քաղաքի բժշկական կենտրոնը փակվում է, իսկ նրա գործառույթները պետք է ստանձնի «Զանգեզուրի կայազորային հոսպիտալը», որը գտնվում է Աղիտու գյուղում՝ Սիսիանից մոտ 7 կմ հեռավորության վրա: Սիսիանի ԲԿ-ի աշխատակիցների պնդմամբ, Սիսիանի բուժկենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունների մեծամասնությունը Զանգեզուրի հոսպիտալում բացակայում է: Ավելին, աշխարհագրական տեսանկյունից Զանգեզուրի հոսպիտալը հասանելի չէ Սիսիանի կամ մոտակա բնակավայրերի բնակիչներին, չկա նաեւ հարակից բնակավայրերը Աղիտու գյուղին կապող հասարակական տրանսպորտ:
Բժշկական կենտրոնի 111 աշխատակիցները բաց նամակով դիմել էին նախագահ Արմեն Սարգսյանին՝ բողոքելով կառավարության նշված որոշման դեմ:
Բազմաթիվ բժիշկներ նույնպես բացասաբար են արձագանքել Սիսիանի ԲԿ-ի լուծարման մասին տեղեկություններին. Մասնագետների խոսքով, չի կարելի օպտիմալացում անցկացնել հիվանդանոցների փակման հաշվին՝ դա շատ բժիշկների ու բուժքույրերի գործազուրկ կդարձնի եւ հիվանդների համար մեծ թվով նոր խնդիրներ կստեղծի:






