Հետազոտողները հայտնել են, որ նրանք գտել են մի նոր դեղամիջոց, որը կարող է փրկել մարդու օրգանիզմը մահացու ճառագայթման արտահոսքի դեպքում։

Science Translational Medicine ամսագրում հրապարակված Սթենֆորդ համալսարանի նոր հետազոտության մեջ քիչ մոլեկուլային դեղերը (որոնք հայտնի են որպես PHD արգելակիչներ) փորձարկվում են մկների վրա, որոնք թունավոր ճառագայթում են ստացել։ Դեղամիջոցը հաջող կերպով պաշտպանել է կենդանուն ճառագայթային ծանր ստամոքս-աղիքային համախտանիշից, որը որպես կանոն, առաջացնում է մահ վարակվելուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, հայտնել է Fox News-ը։

«Ստամոքս-աղիքային տրակտի էպիթելիալ ուղին՝ փոքր աղիքը եւ հաստ աղիքը, այդ բջիջները սերտորեն կապված են միմյանց հետ։ Բայց ճառագայթման ազդեցության տակ այս բջիջները սկսում են մահանալ»,- ասել է Սթենֆորդի ճառագայթային ուռուցքաբանության պրոֆեսոր Ամաթո Ջիաչիան FoxNews.com-ին տված իր հարցազրույցում։ «Հետո էպիթելիալ ուղին խախտվում է, ինչը առաջացնում է ջրազրկում եւ լուծ։ Այնուհետեւ սկսում է սեփսիսը՝ բակտերիալ մի վարակ, որը մահացու է»։

Ջիաչիան նշել է, որ բջջի մահվան կանխարգելումը ստամոքս-աղիքային տրակտում համարվում է ամենաարդյունավետ միջոցներից մեկը ճառագայթումից մահանալուց խուսափելու համար, քանի որ ստամոքս-աղիքային տրակտի համախտանիշը, որպես կանոն, ճառագայթային ազդեցությունից առավել մահացու հետեւանքներ ունի։

Աղիքների կարեւոր բջիջները պահպանելու նպատակով հետազոտողները փնտրել են դեղամիջոց, որը կկարողանա խթանել HIF սպիտակուցների մոլեկուլյար ուղին։ Այս սպիտակուցները օգնում են աղիքներին կլանել սննդարար նյութերը եւ պահպանել նյութափոխանակման առողջ հեղուկը ստամոքս-աղիքային տրակտում։

Այս ամենը հանգեցրել է PHD արգելակիչներին, որոնք արդեն բուժհաստատություններում օգտագործվում են այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսին է անեմիան, ինչը առաջանում է երիկամային անբավարարության պատճառով։ PHD արգելակիչները պաշարում են պրոլիհիդրօքսիլազան, որը ճնշում է HIF ուղիները եւ սահմանափակում HIF սպիտակուցների արտադրությունը։

DMOG  անվանումով օրալ PHD արգելակիչների միջոցով հետազոտողները կարողացել են պաշտպանել մկների խումբը ճառագայթի մահացու չափաբաժնից, երբ նրանք դեղ են տվել մկներին անմիջապես ճառագայթումից առաջ եւ դրանից հետո՝ 24 ժամ անց։ Դեղորայքը օգնել է կանխել ջրազրկումը, լուծն ու սեփսիսը, եւ մկներն ունեցել են նորմալ կղանք։