ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսի 18-ին այցելեց «Ավան» հոգեկան առողջության եւ «Նորք» հոգեբուժական կենտրոններ։ Այս մասին NEWS.am Merdicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
Ամենուր նախարարը ծանոթացավ բուժհիմնարկների պայմաններին ու նյութատեխնիկական հագեցվածությանը, իրականացվող ծառայությունների ծավալներին, զրուցեց բուժաշխատողների եւ բուժվողների հետ։ Արմեն Մուրադյանը հանձնարարեց վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներին օրենքով սահմանված կարգով արագ լուծումներ տալ։ Նախարարը բժիշկների հետ քննարկեց հոգեկան առողջություն ունեցողների արդյունավետ բուժման հնարավորություններն ու խոչընդոտները։
Բուժհիմնարկներում անցկացրած խորհրդակցությունների ընթացքում բժիշկների հետ քննարկվեցին առկա խնդիրները։ Նախարարին տեղեկացրին, որ հատկացվող սուղ ֆինանսները չեն բավարարում անհրաժեշտ սարքավորումներ եւ գույք ձեռք բերելու, ինչպես նաեւ նվազագույն անհրաժեշտ ծախսերը հոգալուն։
Արմեն Մուրադյանը մտահոգիչ համարեց այն խնդիրը, որ «Ավան» հոգեկան առողջության եւ հոգեբուժական կենտրոնների տարածքները չափազանց մեծ են եւ օգտագործվում է դրանց 30-40 տոկոսը։ Նախարարը շեշտը դրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ նեղ մասնագիտացված բուժհիմնարկներում հերթապահող բուժանձնակազմը պատշաճ մակարդակով չի տիրապետում իր նեղ մասնագիտությունից դուրս շտապբուժօգնության եւ վերակենդանացման հմտություններին։ Որոշ դեպքերում դրա համար անհրաժեշտ բուժսարքավորումները եւս բացակայում են։
«Նորք» հոգեբուժական կենտրոնում Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի ղեկավար Արմեն Մելիք-Փաշայանը ներկայացրեց, որ նշված լրացուցիչ հմտություններին հոգեբույժները վերջին անգամ ծանոթացել են ուսանելու տարիներին եւ բարձրացրեց մասնագետների հինգ տարին մեկ կազմակերպվող վերապատրաստման դասընթացների ծրագրում ընդգրկել կրթական այդ ծրագրերը։
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում Արմեն Մուրադյանն առաջին հերթին տեղում ծանոթացավ մայիսի 5-ին այս բուժհիմնարկում արձանագրված մահվան դեպքի հետ կապված մանրամասներին։ Հանգամանալից անդրադարձավ անցած օրերի ընթացքում ծառայողական քննության արդյունքներին եւ հանձնարարեց քննությունն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում։ Նախարարը նաեւ հանձնարարեց ճշտել, թե, արդյո՞ք, իրականացվում են գործող բոլոր չափորոշիչները եւ հանձնարարեց մշակել նոր չափորոշիչներ, այդ թվում՝ կլինիկական։
Հիշեցնենք, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում մայիսի 5-ին մահացած Էդգար Շաթիրյանի հարազատները համոզված են, որ Էդգարը բժիշկների սխալի պատճառով է մահացել: Շաթիրյանները մայիսի 12-ին գրավոր նամակ են ուղարկել ոստիկանություն, որն էլ քննչական գործողություն է այս պահին իրականացնում: ՀՀ Առողջապահության նախարարությունը իր հերթին ծառայողական քննություն է իրականացնում։






