Գիտնականները մոտեցել են երկարակեցության գաղտնիքի բացահայտմանը: Molecular Biology Evolution ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ երկարակեցության գաղտնիքը թաքնված է 25 գեների մեջ: Այս մասին վկայում է համատեղ հետազոտությունը, որն իրականացրել են Էվոլյուցիոն կենսաբանության ինստիտուտի (UPF-CSIC), Բրիսթոլի համալսարանի Գենոմային կարգավորման կենտրոնի (CRG) եւ Լիվերպուլի համալսարանի մասնագետները:

Գենոմային տարբերակների եւ կյանքի առավելագույն տեւողության միջեւ փոխկապվածությունն ուսումնասիրելով պրիմատների (ներառյալ մարդու) տարբեր տեսակների շրջանում՝ գիտնականները գեներում հայտնաբերել են մի շարք մուտացիաներ: Խոսքն այն գեների մասին է, որոնք կապված են, օրինակ, սիրտ-անոթային հիվանդությունների կամ վերքերի ապաքինման ընթացքի հետ: Ամենայն հավանականությամբ, դրանց մուտացիաները կարող են ազդել կյանքի տեւողության վրա:

Հետազոտողների կարծիքով՝ այս մուտացիաները արժի երկկողմանի քննարկել, այսինքն՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմից: Այսպես՝ որոշ մուտացիաներ (օրինակ՝ օրգանիզմում կալցիումի հետ կապված) կարող են օգտակար լինել մանկության եւ պատանեկության տարիներին, երբ կազմավորվում է ոսկրային համակարգը: Սակայն արդեն տարեց տարիքում կալցիումի մեծ քանակությունը կարող է աթերոսկլերոզի զարգացման բերել:

Տեսություններն այն մասին, թե որոշ մուտացիաների օգտակարությունը տարիքի հետ փոխվում է, նախկինում էլ էր առաջ քաշվում: Սակայն վերջին հետազոտությունների ժամանակ դա հաստատվել է պրակտիկայում: Այսպես՝ երիտասարդներին այնպիսի հիվանդություններից պաշտպանող մուտացիաները, ինչպիսին է մանկական գլիոման, տարեց տարիքում մեծացնում է այլ հիվանդություններով հիվանդանալու վտանգը:

Նշվում է, որ հետազոտողների հայտնաբերած մուտացիաները ուղղակիորեն կապված են բջիջների ծերացմանը հատուկ պրոցեսների հետ: Գիտնականները հույս ունեն, որ հետազոտության արդյունքները կօգնեն ծերացման պրոցեսի հետ կապված հիվանդությունների բուժման նոր միջոցներ մշակելիս: