Փողոցային առեւտրի պատշաճ վերահսկողության բացակայությունը շարունակում է հարուցել մասնագետների մտահոգությունը:
Ինչպես օգոստոսի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը, Հայաստանում չկա մշակված կամ պատրաստի սննդամթերքի համապատասխան վերահսկողություն: Դրա վառ վկայությունն է վերջին շրջանում բարգավաճող փողոցային առեւտուրը: «Իրավասու մարմնի ներկայացուցիչներն իրենք են հայտարարում, որ փողոցներում վաճառվող սննդամթերքը ի սկզբանե դիտարկվում է որպես ոչ անվտանգ: Սակայն այս երեւույթի դեմ կոնկրետ քայլեր չեն իրականացվում, եւ փողոցային առեւտուրը շարունակվում է»,- նշեց նա:
Գրիգորյանը, մասնավորապես, նշեց այնպիսի հանրահայտ ֆասթֆուդի մասին, ինչպիսին շաուրման եւ համբուրգերներն են: Մի կողմից հարց է առաջացնում այն, թե դրանք ինչպիսի պայմաններում են պատրաստվել, մյուս կողմից՝ որքանով են առողջության համար անվտանգ, հաշվի առնելով սառնարանային պայմաններից դուրս վաճառքը: Այն, որ հասարակական սննդի որոշ կետերում լավաշի ռուլետները վաճառվում են մայոնեզի լցոնմամբ, Գրիգորյանն անթույլատրելի համարեց:
«Պլյուս ջերմաստիճանի դեպքում մայոնեզը կարող է դառնալ վտանգավոր բաղադրամաս: Մինչդեռ խանութներում վաճառվում են մայոնեզով լցոնված աղցաններ, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում»,- նշեց փորձագետը:
Գրիգորյանը նշեց նաեւ սննդամթերքի անվտանգության ոլորտում հսկողության անբավարար մակարդակի մասին, ինչպես նաեւ կասկած հայտնեց որակի ցուցանիշների վերահսկողության ամբողջական ծավալով իրականացման կապակցությամբ:
Նրա կարծիքով՝ սպառողը պարտավոր չէ հետեւել սահմանված բոլոր նորմերի կատարմանը եւ խախտումների մասին «թեժ գծով» հայտնել իրավասու մարմնին: «Իրավասու մարմինն է պարտավոր իրականացնելու օպերատիվ աշխատանք»,- շեշտեց նա:






