Ալկոհոլը աշխարհում չափահաս մարդկանց շրջանում վաղ մահացության գործոններից մեկն է: Այս մասին ասվում է The Lancet ամսագրում հրապարակված «Հիվանդությունների համաշխարհային բեռը» ուսումնասիրության մեջ:

Ուսումնասիրության շրջանակներում մարդու առողջության եւ ալկոհոլի օգտագործման միջեւ կապն է ուսումնասիրվել: Պարզվել է, որ ալկոհոլը ավելի շատ, քան մյուս գործոնները, բացասաբար է անդրադարձել 15-ից 49 տարեկան անձանց առողջության վրա:

Մասնագետները ահազանգում են. համաշխարհային մասշտաբով ալկոհոլը տարեկան 2,8 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում:Հետազոտելով 28 միլիոն մարդու առողջության մասին տվյալները՝ փորձագետները եզրակացրել են, որ միջինում ալկոհոլի բացասական հատկությունները գերազանցում են բոլոր հնարավոր դրական հատկությունները: Արդյունքում առողջության համար ընդհանուր ռիսկը ցանկացած չափաքանակով ալկոհոլի ընդունման դեպքում մեծանում է:

Երկրի վրա մոտավորապես յուրաքանչյուր երրորդ մարդը ալկոհոլ է խմում, ընդ որում տղամարդկանց շրջանում թիվն ավելի մեծ է: Ալկոհոլի ստանդարտ չափաքանակի հաշվարկից (ԱՄՆ-ում այն 14 գրամ է), պարզվել է, որ կանայք օրական խմում են ստանդարտ չափաքանակի ¾-ը, իսկ տղամարդիկ, միջինում, գրեթե երկու չափաքանակ:

2016 թվականի տվյալներով, ալկոհոլը կապված է եղել կանանց մահացության 4 տոկոսի հետ եւ տղամարդկանց մահացությունների 12.2 տոկոսի հետ:Գիտնականները նշում են, որ բոլոր տարիքային խմբերում ալկոհոլը վաղաժամ մահացության յոթերորդ պատճառն է: