Պատանի տարիքում ալկոհոլի օգտագործումը մեծացնում է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակի զարգացման վտանգը: Այս մասին ասված է Cancer Prevention Research ամսագրում հրապարակված հետազոտությունում:

Ստացված տվյալների համաձայն՝ պատանի տարիքում շաբաթական առնվազն 7 ստանդարտ չափաբաժին ալկոհոլի օգտագործումը (ԱՄՆ-ում մեկ չափաբաժին է համարվում 14 գրամը) մեծացնում է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակի զարգացման վտանգը:

Հետազոտողները, ընդհանուր առմամբ, 650 տղամարդու տվյալներ են ուսումնասիրել, որոնք 2017 թվականի հունվարից մինչեւ 2018-ի հունվարն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ բուժկենտրոններից մեկում շագանակագեղձի բիոպսիա են անցել: Նրանք մի շարք հարցերի են պատասխանել, այդ թվում՝ կյանքի յուրաքանչյուր տասնամյակի ընթացքում շաբաթական իրենց կողմից օգտագործվող ալկոհոլի միջին քանակության մասին:

Վերլուծելով ստացված տվյալները՝ հետազոտողները հանգել են եզրակացության, որ 15-19 տարեկանում շաբաթական առնվազն 7 ստանդարտ չափաբաժին ալկոհոլի օգտագործումը 3.2 անգամ մեծացնում է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակի զարգացման վտանգը:

Նման պատկեր է եղել նաեւ նրանց մոտ, ովքեր նման քանակությամբ ալկոհոլ են օգտագործել 20-29, 30-39 եւ 40-49 տարեկանում:Այս հետազոտության թերությունն այն է, որ հարցվածներն իրենք են իրենց մասին տվյալներ ներկայացրել: Այդպիսով, տեղեկատվության հավաստիությունը կարող է կասկածելի լինել: Բացի այդ՝ ալկոհոլի սիրահարները նաեւ ծխախոտի սիրահարներ են:

Մասնագետներն ուշադրություն են դարձրել նաեւ այն հանգամանքին, որ նրանք, ովքեր պատանի տարիքում հաճախ են ալկոհոլ օգտագործում, սովորաբար շարունակում են այն չարաշահել նաեւ հասուն տարիքում: Այս փաստը նույնպես խեղաթյուրում է հետազոտության ընթացքում ստացված տվյալները: