Միացյալ Նահանգներից եւ Չինաստանից գիտնականները պարզել են, որ բարձրահասակ եւ ցածրահասակ մարդիկ տարբեր կերպ են գնահատում տարածությունն իրենց շուրջ:
Հետազոտությանը մասնակցել է 12 բարձրահասակ եւ 12 ցածրահասակ մարդ, որոնք պետք է որոշեին օբյեկտների միջեւ եղած հեռավորությունը: Ընդ որում՝ փորձարկումն իրականացվել է տարբեր լուսավորության պայմաններում՝ պայծառ լույսի, թույլ կարմիր լուսադիոդային լուսավորման ներքո եւ կանաչ LED լամպով չափազանց թույլ լուսավորված տարածքում:
Բացի այդ, կամավորները պետք է գտնեին օբյեկտը մթության մեջ՝ ոչ տեւական ժամանակ լույսի ներքո այն տեսնելուց հետո:
Պարզվել է, որ բարձրահասակ մարդիկ ավելի լավ են գնահատել իրենց եւ օբյեկտի միջեւ գտնվող հեռավորությունը՝ անկախ նրանից կանգնած են, թե նստած աթոռի վրա: Այդպես, նրանք ավելի ճշգրիտ արդյունքներ են ցուցադրել, քան ցածրահասակ մարդիկ (նույնիսկ եթե վերջիններս կանգնում էին աթոռի վրա):
Մասնագետները նշում են, որ սեփական մարմնի եւ օբյեկտի (կամ օբյեկտների) միջեւ հեռավորությունը գնահատելու հմտությունը ձեւավորվում է կյանքի ընթացքում: Բարձրահասակների առավելությունն այն է, որ նրանք հնարավորություն ունեն մակերեսի ավելի մեծ հատված տեսնել, որի վրա կանգնած են, ընդ որում՝ առարկայի մակերեսը նրանց օգնում է ավելի լավ ընկալել տարածությունը:
Դրա շնորհիվ նրանք կարող են կողմնորոշվել տարածության մեջ՝ ոչ բավարար լուսավորության պայմաններում կամ մեծ հեռավորությունների վրա:
Այս ամենն օգնում է բարձրահասակ մարզիկներին, ինչպես նաեւ բարձր կրունկների կամ ամենագնաց ավտոմեքենաների սիրահարներին:






