Քաշի շտկումը կարեւոր դեր ունի դաշտանադադարում գտնվող կանանց բուժման համար: Այս մասին նշված է գինեկոլոգ, Երեւանի պետական բժշկական համալսարանի դոցենտ Օլգա Սոցկայայի՝ «Կյանքի որակը դաշտանադադարի ժամանակ. նախազգուշական ռազմավարություններ» զեկույցում:
Սոցկայան ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ ԱՀԿ բազմաթիվ ժողովրդագրական կանխատեսումների համաձայն՝ XXI դարում սպասվում է տարեցների թվի աճ: «Դաշտանադադարում գտնվող կանանց առողջության եւ կյանքի որակի բարելավման ազգային եւ միջազգային ծրագրերի մշակման անհրաժեշտություն է առաջանում»,- նշում է փորձագետը:
Կյանքի միջին տեւողությունը առանցքային ցուցանիշներից մեկն է, ըստ որի կարելի է դատել երկրի զարգացման մակարդակի մասին: Հայաստանում այն կազմում է 74.8 տարի (ԱՀԿ «Առողջապահության համաշխարհային վիճակագրություն. առողջության ցուցանիշների մոնիթորինգ հանուն կայուն զարգացման նպատակների» զեկույց, 2016 թվական): Հայաստանը կյանքի տեւողությամբ ԱՊՀ-ում առաջատարն է: Տղամարդկանց միջին տարիքը կազմում է 71.6 տարեկան, իսկ կանանց՝ 77.7 տարեկան: Կյանքի միջին տեւողության միջեւ տարբերությունը կազմում է 6 տարի, ինչը համապատասխանում է բարձրզարգացած երկրներում տղամարդու եւ կնոջ միջեւ կյանքի միջին տեւողության տարբերության մակարդակին:
«ԱՀԿ հայեցակարգում նշված է, որ լիարժեք կյանքի համար լավ ինքնազգացողություն է անհրաժեշտ: Մինչդեռ կլիմաքսային խանգարումները դաշտանադադարի ժամանակ կյանքի որակը նվազեցնում են վեգետատիվ-անոթային խանգարումների (11.4 տոկոս), էմոցիոնալ-հոգեկան խանգարումների (26.1 տոկոս), ֆիզիկական փոփոխությունների (40 տոկոս) ուրո-սեռական խանգարումների (22.5 տոկոս) հաշվին»,- ընդգծում է Սոցկայան:
Սեռական հորմոնների (էստրոգեն, պրոգեստերոն, տեստոստերոն), D վիտամինի, երկաթի, Օմեգա-3 պոլիհագեցած թթուների, հակաօքսիդանտների դեֆիցիտը առանքային է ծերացման պրոցեսները հասկանալու համար: Դաշտանադադարի ժամանակ այս դեֆիցիտի դրսեւորումներն են ուրո-սեռական խանգարումները, կոգնիտիվ ֆունկցիայի նվազումը, օստեոպորոզը, դեպրեսիան, սիրտ-անոթային հիվանդությունները:
Փորձագետը նշում է, որ քաշի շտկումը եւ մարմնի զանգվածի կանխարգելումը դաշտանադադարում գտնվող կանանց բուժման էական բաղադրիչ են: «Կյանքի որակը պահպանելու համար դաշտանադադարի տարբեր փուլերում կանայք պետք է մարմնի լավագույն զանգվածի հարցում անհատական մոտեցում ունենան: Այս լույսի ներքո հատուկ նշանակություն ունի առողջապահության ոլորտի մասնագետների մասնագիտական պատրաստականության ընդլայնումը»,- հավելում է նա:
Զեկույցը ներկայացվել է սեպտեմբերի 28-29-ը Երեւանում անցկացված Գերիատրիայի առաջին համահայկական միջազգային կոնգրեսում:






