Ֆիզիկական ծանրաբեռնվածությունները օրգանիզմը տոքսիններից ազատում են: Այս մասին ասվում է Սան Պաուլուի համալսարանի գիտնականների եւ Միացյալ Նահանգներից ու Նորվեգիայից նրանց գործընկերների անցկացրած հետազոտության մեջ: Ինչպես հայտնում է Medical Xpress-ը, պարզ ֆիզիկական վարժությունների շնորհիվ սկսվում է մկանային հյուսվածքներից տոքսիկ սպիտակուցների դուրսբերման ակտիվացումը:
Փորձարկումների համար ընտրել են ինդուկցված նեֆրոպաթիայով (տոքսիկ բաղադրիչներով երիկամների սուր ախտահարում) տառապող մկների: Կրծողներին 2 խմբի են բաժանել: Առաջին խմբի մկները մշտական ֆիզիկական ծանրաբեռնվածություն են ունեցել: Մեկ ամիս հետո հենց այս կրծողների մոտ է ինտենսիվ տեմպերով իրականացվել աուտոֆագիան, այսինքն՝ բջջային մակարդակում վերականգնման բնական պրոցեսը:
Այս փորձարկումը, այլ փորձերի հետ, ակնհայտորեն ցույց է տալիս, որ ֆիզիկական գործունեությունը նպաստում է մկաններից եւ հյուսվածքներից վնասակար նյութերի ավելի ակտիվ հեռացմանը: Ընդ որում՝ մասնագետները նշում են, որ մահճակալին գամված հիվանդները, ինչպես նաեւ գրասենյակային աշխատողները տառապում են աուտոֆագիայի խանգարմամբ, ինչը նրանց օրգանիզմին խանգարում է վտանգավոր նյութերից ժամանակին ազատվել:






