Էզրա անունով 10-շաբաթական երեխան քիչ էր մնում ոտքի 4 մատներից զրկվեր, երբ մոր մազափունջը փաթաթվել է դրանց շուրջը եւ վատթարացրել արյան շրջանառությունը:
Փոքրիկի մայրիկը՝ 26-ամյա Ալեքս Ափթոնը հասկացել է, որ ինչ-որ բան այնպես չէ, երբ երեխան առավոտյան նրան արթնացրել է ճիչերով ու լացով, սակայն կաթից հրաժարվել է: Ալեքսը զննել է երեխային եւ նկատել, որ նրա ոտքի մատները ուռչել են եւ կարմրել: Այնուհետեւ նա նկատել է մի քանի երկար դարչնագույն մազեր, որոնք ոչ պակաս քան 12-14 ժամ փաթաթված էին եղել երեխայի մատների շուրջը:
Ալեքսը փորձել է փոքրիկի մատները ազատել, սակայն պարզվել է, որ դա այնքան էլ հեշտ չէ. մազերը չափից ավելի կիպ էին ձգված ուռած մատների շուրջը: Խուճապի մատնված Ալեքսը զանգահարել է ամուսնուն՝ Բենին եւ ցանկացել է օգնության կանչել բժիշկների: Սակայն նրան, ի վերջո, հաջողվել է ունելու միջոցով ինքնուրույն մազերը հեռացնել, որից հետո նա երեխային, այնուամենայնիվ, բժիշկների մոտ է տարել՝ համոզվելու համար, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է:
Կլինիկայում փոքրիկի մատները մշակել են հակաբակտերիալ քսուքով: Հիմա երեխան իրեն լավ է զգում եւ մատները նորմալ վիճակում են, սակայն, մասնագետների խոսքով, եթե մայրը խնդիրը ժամանակին չնկատեր, ապա նրա մատները ստիպված կլինեին կտրել:
Ալեքսը հիմա բոլորին պատմում է կատարվածի մասին եւ ծնողներին խորհուրդ է տալիս զգույշ լինել ու մշտապես համոզվել, որ երեխայի հագուստի վրա ծնողների մազեր չկան:






