Յուրաքանչյուր ոք ցանկանում է հասկանալ, թե ինչու՞ եւ ինչպե՞ս է օրգանիզմը շաքար կամ ճարպ կուտակում, եւ թե ինչպե՞ս կարելի է ավելորդ քաշից ազատվելու համար ճիշտ ուղի ընտրել։

Բուֆֆալո համալսարանի սննդակարգի գիտությունների վարչությունը կատարել է մի հետազոտություն, որը ցույց է տվել, որ Պորտոբելո սնկերը օգնում են կանանց նիհարել՝ կարգավորելով իրենց շաքարի մակարդակը արյան մեջ։ Հետազոտությունը գլխավորած Պիտեր Հորվարֆը Բուֆֆալոի համալսարանից, առաջինն է, ով ուսումնասիրում է, թե ինչպես կարելի է բույսերում առկա գլյուկոզայի միջոցով կայունացնել մարդու արյան շաքարը։ «Մեր արդյունքները վկայում են, որ սնկով սնվելը կարող է օգտակար լինել գլյուկոզայի մակարդակի կարգավորման համար»,-ասել է Հորվարֆը։ «Սունկը կարող է օգնել այն մարդկանց, ովքեր ցանկանում եմ նիհարել»։

Սունկը պարունակում է ֆիտոնուտրիենտ (Phytonutrient) բաղադրիչ, ինչպես նաեւ էրգոթիոնեին հակաօքսիդանտ, որոնք միասին պաշտպանում են հյուսվածքները վնասվածքներից եւ ավելի քիչ, քան 30 րոպեի ընթացքում կարող են կարգավորել արյան շաքարի մակարդակը:

Հետազոտողները ուսումնասիրել են 19-29 տարեկան 8 տղամարդ եւ 10 կին եւ վերլուծել նրանց մարմնի ճարպը եւ գլյուկոզի մակարդակը արյան մեջ։ Հետազոտողները մասնակիցների մի մասին տվել են պորտոբելոյի փոշի պարունակող քաղցր ըմպելիքներ, իսկ մյուս մասին կրկին քաղցր ըմպելիքներ, բայց առանց պորտաբելոյի։ Նրանք պարզել են, որ, մասնավորապես, երիտասարդ, առողջ կանանց մոտ պորտոբելո սնկի փոշին կրճատել է ինսուլինի եւ գլյուկոզայի մակարդակը։ Հորվարֆը նշել է, որ պորտոբելոյի փոշին հնարավոր է ավելացնել կոկտեյլների  կամ խմիչքների մեջ՝  դրանից հնարավորինս շատ  բարիքներ քաղելու համար։

Պորտաբելո սունկը  ճարպ չի պարունակում եւ այն ունի քիչ կալորիա։ Այս սունկը պարունակում է այնպիսի սնուցիչներ, ինչպիսիք  են սելենը, պղինձը եւ նիացինը, ինչպես նաեւ վիտամին D, ֆիբրա եւ սպիտակուցներ։ Հետեւաբար, այն հիանալի լրացում կլինի Ձեր սննգակարգի կամ դիետայի մեջ։