Մաշկի քաղցկեղի դեպքերի գրեթե 90%-ը կապված է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետ, ասել է Նյու Յորքի Բժշկական կենտրոնի մաշկաբան Էլիզաբեթ Հեյլը, հաղորդում է Fox News-ը:
Ահա մի քանի պրակտիկ խորհուրդներ, թե ինչպես է պետք պահպանել մարմնի բոլոր մասերի անվտանգությունը:
Ոտքեր
Մելանոման կանանց մոտ հիմնականում առաջանում է ոտքերի ստորին հատվածում, իսկ տղամարդկանց մոտ՝ մեջքի շրջանում: Հավանաբար դա կապված է այն հանգամանքի հետ, որ ամռանը տղամարդիկ հանում են իրենց վերնաշապիկները, իսկ կանայք՝ մերկացնում ոտքերը:
«Ավելի լավ է, ամեն օր օգտագործել SPF 15-ով հարուստ լոսյոններ»,-ասել է Նյու Յորքի Մաունթ Սինայի Բժշկակկան կենտրոնի մաշկաբան-կոսմետոլոգ Ջոշուա Զեյչները: «Մի մոռացեք հանել Ձեր սանդալները եւ քսել լոսյոնը ոտքի ներբաններին, քանի որ ոտքի ներբանների մաշկը շատ նուրբ է»:
Մեջքը եւ ձեռքերը
Սա մելանոմայի առաջացման հիմնական հատվածն է: Դրանք ավելի արդյունավետ պաշտպանելու համար, հաստ շերտով SPF քսեք մերկ մարմնին, ասել է Հեյլը:
Խնդրեք Ձեր զուգընկերոջը կամ զուգընկերուհուն տարածել լոսյոնը ուսերից մինչեւ ներքեւ: Ճառագայթները կարող են անցնել անգամ հյուսվածքների միջով, հատկապես եթե լողազգեստը հին է:
Եթե Ձեր շուրջը ոչ ոք չկա, օգտագործեք արեւապաշտպան «360 աստիճանի» գլխիկավոր քսուք-սփրեյ՝ քսուքր ողջ մեջքով տարածելու համար:
Պարանոց եւ կուրծք
Քսեք արեւապաշտպան կրեմը պարանոցին եւ կրծքին՝ չմոռանալով պարանոցի կողային հատվածները:
«Ականջների ստորին հատվածը շատ զգայուն է, եւ այն ծերացման եւ քաղցկեղի առաջացման հակվածություն ունի, քանի որ կզակից այս հատվածում ստվեր չի ընկնում. կզակը որոշ չափով պաշտպանում է պարանոցը»,-ասել է Զեյչները: «Եթե Դուք հավաքում եք Ձեր մազերը, ապա պարանոցի ետին հատվածում նույնպես կրեմ քսեք»:
Դեմք
Սա կարցինոմայի «սիրելի» հատվածն է. կարցինոման մաշկի քաղցկեղի բավականին տարածված տեսակ է:
«Հույս մի դրեք Ձեր դիմահարդարման վրա»,-ասել է Հեյլը: Այն կարող է պարունակել SPF, բայց ոչ բավարար քանակությամբ, որ պաշտպանիչ շերտ լինի Ձեր դեպքի համար: Արեւապաշտպան քսուքը, որը յուղ չի պարունակում, ավելի նախընտրելի է, հատկապես եթե Ձեզ մոտ բշտիկներ առաջանալու հակվածություն կա:
Աչքեր
Եթե Ձեր սովորական արեւապաշտպան քսուքը գրգռում է աչքերը, փորձեք ցինկի օքսիդով կամ տիտանի երկօքսիդով բանաձեւեր, որոնք չեն գրգռի աչքերը: Կրեք արեւապաշտպան ակնոց, որը 100 տոկոսով արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, քանի որ ճառագայթման հետեւանքով կարող է կատարակտ եւ աչքերի այլ վնասվածքներ առաջանալ:
Շուրթեր
Շուրթերի համար նախատեսված SPF 30 բալզամը ՈՒՄ ճառագայթներից պաշտպանվելու լավագույն միջոցն է: Եթե ձեռքի տակ ոչ մի նման բալզամ չկա, ապա օգտագործեք անփայլ շրթներկ: Եթե երկար ժամանակ եք անցկացնում արեւի տակ, ապա խուսափեք փայլուն շրթներկերի կամ շուրթերի համար նախատեսված հատուկ փայլերի օգտագործումից, ասել է Հեյլը: Նույնիսկ եթե փայլը իր մեջ SPF պարունակում է, միեւնույն է, այն ավելի է ուժեղացնում արեւի եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը:
Գլուխ եւ ականջներ
Մաշկի քաղցկեղը առաջանում է քիչ ճարպ պարունակող հատվածներում:
Բամբակի մի փոքրիկ կտոր ընկղմեք SPF լոսյոնի մեջ եւ քսեք այն գլխամաշկին եւ ականջներին»,-ասել է Նյու Յորքից մաշկաբան, դոկտոր Ֆրանչեսկա Ֆուսկոն:






