Ամեն օր հազարավոր մարդիկ հեռացնում են իրենց իմաստության ատամները, նշագեղձերը ու կույրաղիքը, եւ ցավը մեղմվելուց հետո նրանք վերադառնում են իրենց գործերին: Իսկ ինչի՞ համար են այդ դեպքում  մարմնի այս հատվածները:

«Էվոլյուցիան առաջ է շարժվում, բայց մի ժամանակ մարմնի բոլոր անատոմիական մասերը անհրաժեշտություն են եղել մեր նախնիների համար,- ասել է Մինեսոթայի նահանգի համալսարանի անատոմիական ծրագրի տնօրեն Էնթոնի Ուայնհաուսը: Դրանցից շատերը մինչ այժմ նշանակալի են, բայց պարտադիր չէ, որ դրանք կարեւոր լինեն»:

Fox News-ը ներկայացնում է մարմնի անպետք թվացող 7 մասերի էական նշանակությունները:

1. Պտուկներ

Բոլոր մարդիկ սկզբում առաջանում են որպես կին: «Բոլոր էմբրիոնները սկզբում կանացի են լինում, իսկ հետո ձեռք են բերում տղամարդկային հատկանիշներ՝ պահպանելով կանացիներից մի քանիսը»,-ասել է Ուայնհաուսը: Կանանց եւ տղամարդկանց պտուկները նույնանման են, բայց առանց այնպիսի հորմոնների հոսքի, ինչպիսին է էստրոգենը. տղամարդկանց  մոտ դրանք պարզապես զարդարանք են:

2. Թեւատակի մազեր

Այս հարցում վերջնական կարծիք չկա, բայց առկա են որոշ ենթադրություններ: Կան երկու տեսակի քրտնագեղձեր՝ էկրինային եւ ապոկրինային. վերջիններս գտնվում են թեւատակի շրջանում, բացատրել է Հարվարդի համալսարանի մարդու էվոլյուցիոն կենսաբանության պրոֆեսոր Դանիել Լիբերմանը: Ապոկրինային գեղձերը օգտագործվում են սեռական ազդանշանների համար: Ենթադրվում է, որ թեւատակի մազերը նախատեսված են նրա համար, որ ինչքան հնարավոր է երկար կարողանան պահել գեղձերի արտազատած հոտը զուգընկերոջ կամ զուգընկերուհու համար, պարզել է նա:

3. Ունքեր

Ունքերի էվոլյուցիոն նպատակը բավականին վիճելի է: Որոշ գիտնականներ կարծում են, որ ունքերը պաշտպանում են աչքերը քրտինքից եւ անձրեւից, հատկապես նախամարդկանց մոտ՝ որսորդության եւ լողալու ժամանակ: Լիբերմանը կարծում է, որ ունքերը կարող են նաեւ զգացմունքներ արտահայտել: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի վարվեցողական նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդիկ հայտնիներին ավելի քիչ առանց ունքերի, քան առանց աչքերի են ճանաչել:

4. Ապենդիքս (կույրաղիք)

Ապենդիքսը թերաճ օրգան է, ինչը նշանակում է, որ այն իր սկզբնական գործառույթների մեծ մասը չի պահպանել: Կա տեսակետ, որ ապենդիքսը մեր աղիքներում եղել է խմորման մի խցիկ, ասել է Լիբերմանը: Բայց քանի որ մարդիկ դադարել են ուտել անորակ եւ հում մթերքներ, այս խցիկը այլեւս պետք չէ: Վերջին հետազոտությունները, սակայն, ենթադրում են, որ ապենդիքսը կարող է լինել առողջ մանրէների կուտակման մի վայր:

5. Նշագեղձեր

Նշագեղձերը տեխնիկական ավշային հանգույցներ են՝ ավշային համակարգի մի մասը, որը շատ կարեւոր է օրգանիզմի իմունիտետի համար: «Բերանի խոռոչը մեր մարմնի մուտքն է համարվում, այդ պատճառով կոկորդի իմունային բջիջները կարող են օգնել շնչառական վարակների դեմ պայքարի հարցում»,-բացատրել է Միբերմանը: Երբեմն մեր նշագեղձերը բորբոքվում են վարակներից եւ այդ դեպքում դրանք հեռացվում են: Մեր ավշային հանգույցները չափազանց կարեւոր են, բայց մեր օրգանիզմում դրանցից շատ կան, հետեւաբար կարելի է նաեւ ապրել առանց դրանց:

6. Իմաստության ատամներ

Մինչ վերջերս իմաստության ատամները երբեք խնդիր չեն առաջացրել մարդկանց համար: Բայց քանի որ մարդիկ հիմա փափուկ, լավ պատրաստված մթերքներ են ուտում, մեր ծնոտները չեն աճում եւ չեն զարգանում իրենց ողջ ուժով:

7. Ծայրային թլիփ

Տղամարդու ծայրային թլիփի՝ առնանդամի գլխիկից տարանջատվելու համար տարիներ են պետք. այն կարեւոր է վարակներից խուսափելու համար՝ հատկապես փոքր տարիքի երեխաների համար: Ծայրային թլիփը օգնում է պաշտպանել միզածորանը ցանկացած աղտոտումից եւ մանրէներից: Ընդ որում, ծայրային թլիփը տղամարդուն սեռականորեն ավելի զգայուն է դարձնում, ինչը պետք է եղել մեր նախնիներին բազմանալու համար: