Իսպանիայի ուռուցքաբանական հետազոտությունների ազգային կենտրոնի մասնագետ Մանուել Սերրանոն նշել է ծերացման 7 հիմնական նշանները:

Այսպես՝ ծերացման գործընթացը սկսվում է ԴՆԹ-ում սխալների եւ վնասվածքների կուտակումից, ինչը գենետիկ անկայունություն է առաջացնում: Երկրորդ ցուցանիշը քրոսոմների վերջույթների կարճացումն է, ինչն արդյունքում կարող է տարբեր հիվանդությունների զարգացում առաջացնել, այդ թվում՝ թոքերի ֆիբրոզ եւ անեմիա:

Երրորդ գործոնը գեների էքսպրեսիայի տեղաշարժերն են, որոնք կարող են առաջանալ նաեւ սխալ կենսակերպի դեպքում: Մյուս ցուցանիշն այն է, որ բջիջները դադարում են թարմանալ եւ սկսում են անպիտան եւ թունավոր սպիտակուցներ կուտակել: Սա իր հերթին կարող է Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդություն առաջացնել:

Հինգերորդը բջիջների նյութափոխանակության արդյունավետության նվազեցումն է, երբ մարմնի ծերացմանը զուգընթաց բջիջները կորցնում են ճարպերի կամ շաքարի նման նյութեր արտադրելու ունակությունը: Սա հղի է տարիքային շաքարախտի վտանգով: 6-րդ գործոնը միտոքոնդրիումների աշխատանքի դադարեցման հետ է կապված, իսկ 7-րդը՝ մարմնի վերականգնողական ներուժի կորստի եւ բջիջների միջեւ հաղորդակցության խախտման: