ԼՍԴ-ի նման հոգեմետ թմրամիջոցներն ազդում են մարդու գիտակցության վրա, մասնավորապես՝ նրա ընկալման վրա: Յելի եւ Ցյուրիխի համալսարանների գիտնականներն ուսումնասիրել են այս էֆեկտը, որպեսզի հասկանան՝ թմրանյութը կարո՞ղ է բուժական կիրառում ունենալ:
Պարզվել է, որ ԼՍԴ-ն նվազեցնում է ուղեղի գոտիների միջեւ ֆունկցիոնալ կապերի ուժը, որոնք ղեկավարում են կոգնիտիվ պրոցեսները: Դրա հետ մեկտեղ, ամրանում է այն հատվածների միջեւ կապը, որոնք կապված են սենսորային ֆունկցիաների հետ: Սա տեղի է ունենում հատուկ ռեցեպտոր սերոտոնինի (5HT2A ռեցեպտոր) խթանման հաշվին, որը, ինչպես ցույց են տվել նախորդ հետազոտությունները, կապված է տրամադրության եւ իմացության կարգավորման հետ:
Գիտնականների խոսքով՝ ԼՍԴ ընդունելուց հետո փոխվում է ռեցեպտորի աշխատանքը, համապատասխանաբար՝ նաեւ մարդու ընկալումն ու մտքերը:
Ինչպես հայտնի է, շիզոֆրենիայով հիվանդներին նշանակվում են 5HT2A-ն արգելափակող դեղամիջոցներ: Սակայն հիվանդներից շատերը բուժմանը չեն արձագանքում:
Փորձագետների կարծիքով՝ ԼՍԴ-ն կարող է իրական դեղամիջոց դառնալ՝ թեկուզ տրամադրության համար պատասխանատու տարրերի վրա ազդելու ունակության հաշվին:






