University of Otago-ի (Նոր Զելանդիա) գիտնականներն ուսումնասիրել են Սենեկա-Վալիի վիրուսի ազդեցությունը, որը կարող է վարակել քաղցկեղային բջիջները եւ դրանք ոչնչացնել: Ապագայում այս վիրուսի օգտագործմամբ հնարավոր կլինի ստեղծել չարորակ ուռուցքների բուժման նոր մեթոդ:

Բարձր թույլատրելիության կրիոէլեկտրոնային միկրոսկոպիայի միջոցով, որի դեպքում նմուշները ցածր ջերմաստիճանի պայմաններում են, հետազոտողները հետեւել են, թե ինչպես է վիրուսը խոցում քաղցկեղային բջիջները: Սենեկա-Վալիի վիրուսը միանում է ANTXR1 սպիտակուցային ռեցեպտորին, որը գտնվում է արատավոր բջիջների մակերեւույթին: Ընդ որում՝ ANTXR2-ին, որը հատուկ է առողջ հյուսվածքներին, ինֆեկցիոն ագենտը չի դիպչում:

Գիտնականների խոսքով՝ հետազոտության արդյունքները կօգնեն Սենեկա-Վալիի վիրուսի կիրառման մեթոդ մշակել, որի դեպքում օրգանիզմում նրա հանդեպ կայունություն չի զարգանում: Դրան կարելի է հասնել, եթե ագենտն այնպես ձեւափոխվի, որ մնա ANTXR1-ի հետ փոխգործակցող մասը, եւ վերացվի այն մասը, որին մարդու իմունային համակարգն արձագանքում է: