Ալկոհոլային ըմպելիքների ընդամենը մի քանի բաժակը փոխում է մոլեկուլյար մակարդակում հիշողությունների ձեւավորման բուն եղանակը: Այս մասին նշված է Brown University-ի (ԱՄՆ) գիտնականների նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Neuron ամսագրում:
Հետազոտողները ցանկանում էին հասկանալ, թե ինչո՞ւ են մարդիկ համառորեն նյութեր գործածում, որոնք նրանց մարմնի եւ ուղեղի վրա տհաճ ազդեցություն են ունենում: Ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ ազդեցության թմրամիջոցները (օփիումայինները, ալկոհոլը եւ այլն) հաճախ տհաճ հետեւանքներ են առաջացնում՝ սրտխառնոց, փսխում, գլխացավեր, խումհար: Իսկ մարդիկ ինչո՞ւ են մտապահում այդ նեյրոտոքսինների հետ կապված միայն լավ զգացողությունները եւ մոռանում բացասական զգացողությունները:
Պտղաճանճերի հետ աշխատելով, որոնց «նստեցրել» էին ալկոհոլի վրա, գիտնականները հետազոտել են տարբեր գեների եւ սպիտակուցների դերակատարումը, որոնք մասնակցում են կախվածության եւ պարգեւատրման համակարգի ձեւավորմանը: Նրանք մոլեկուլներ են հայտնաբերել, որոնք փոփոխվում են, երբ առաջանում է ալկոհոլի կամ թմրանյութերի ձգտում կամ թմրամիջոցի չեղարկման համախտանիշ: Սա նախագծի կարեւոր ասպեկտ է, որը կարող է օգնել գտնել թմրակախվածության բուժման նոր մեթոդներ՝ թմրանյութերի չարաշահման հետ կապված հաճելի հիշողությունների ինտենսիվության նվազեցմամբ:
Հետազոտողները հայտնաբերել են, որ հիմնական սպիտակուցներից մեկը, որը ճանճերին ստիպել է ալկոհոլ փնտրել, «Notch»-ն է (տրանսթաղանթային սպիտակուցների ընտանիք, որ պարունակում են կրկնվող արտաբջջային հաջորդականություններ՝ EGF եւ DSL դոմեններ):
Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ D2 նման ռեցեպտորների (այսինքն՝ 2-րդ տիպի դոֆամինի ռեցեպտորների) գեները, որոնք մասնակցում են այդ ազդանշանային ուղիներին, նույնպես ալկոհոլից տուժում են: Այս գեները նեյրոններում սպիտակուց են արտադրում, որը ճանաչում է դոֆամինը՝ հաճելի զգացողություններ առաջացնող մեդիատոր, որը, ինչպես հայտնի է, որոշակի դերակատարում ունի դրական հիշողությունների կոդավորման մեջ:
«Պարգեւատրման ուղիների» հետազոտություններում գիտնականները հայտնաբերել են, որ մոլկուլյար ազդանշանները չեն փոխվել, իսկ ստեղծված սպիտակուցի քանակությունն անփոփոխ է մնացել: Այդուհանդերձ, արտադրված սպիտակուցի բուն տարբերակում տեղի է ունեցել ոչ մեծ փոփոխություն:
«Գինու մեկ բաժակը բավարար է այդ ուղին ակտիվացնելու համար, բայց այն նորմալ վիճակի է վերադառնում մեկ ժամում: Երեք բաժակից հետո՝ դրանց միջեւ մեկժամյա ընդհատումներով 24 ժամվա ընթացքում այն նորմալ վիճակի չի վերադառնում: Մեր կարծիքով՝ նման կարգի հասատատունությունը հիշողության սխեմաներում ավելի շուտ փոխում է գենային արտահայտությունը»,- պարզաբանել է Կարլա Կաունը:






