Զարկերակային հիպերտենզիայի ոչ ծանր ձեւի դեպքում ճնշման դեմ դեղերը կարող են անվտանգ չլինել: Նման եզրակացության են հանգել Օքսֆորդի, Քեմբրիջի եւ Բիրմինգեմի համալսարանների գիտնականները:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս դեղամիջոցները զարկերակային հիպերտենզիայի ոչ ծանր ձեւով հիվանդներին սիրտ-անոթային հիվանդություններից չեն պաշտպանում: Դրանից բացի, դրանք կարող են ունենալ վտանգավոր կողմնակի էֆեկտներ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Internal Medicine-ում:

Ընդհանուր առմամբ, վերլուծվել են 108 844 մարդու բժշկական տվյալները, որոնց միջին տարիքը կազմել է 55 տարեկան: Նրանց բաժանել են երկու խմբի՝ մեկի մեջ ընդգրկվել են այն հիվանդները, որոնք ընդունել են հակահիպերտենզիվ թերապիայի շրջանակում իրենց նշանակված ճնշման դեղերը, մյուս խմբի մեջ՝ նրանք, որոնց խորհուրդ չեն տվել ճնշման իջեցման դեղամիջոցներ:

Դիտարկումների ժամանակահատվածում մահացել է 1 641 փորձարկվող, ընդ որում՝ ճնշման դեմ դեղեր ընդունած խմբում մահացության ընդհանուր մակարդակի ցուցանիշը հասել է 4,49 տոկոսի, իսկ այն խմբում, որում ընդգրկվածները դեղորայքային բուժում չեն ստացել՝ 4,08 տոկոսի: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ իրենց ստացած արդյունքները «չեն վկայում հիվանդության թեթեւ աստիճանով հիվանդների հակահիպերտենզիվ դեղամիջոցներով բուժման օգտին»:

Ընդ որում՝ գիտնականներն ընդունում են, որ իրենց եզրակացությունները պետք է ստուգվեն եւ հաստատվեն: Միաժամանակ, նրանք հնարավոր են համարում, որ ճնշման դեմ դեղերը կարող են տարբեր կողմնակի էֆեկտներ ունենալ՝ հիպոտոնիա, էլեկտրոլիտների անոմալիաներ, սուր երիկամային անբավարարություն: