America's Got Talent-ի աստղ Նիգերիայից 29-ամյա Կեչի Օկվուչին պատրաստվում է պլաստիկ վիրահատությունների շարքի, որոնք կարող են տարիներ տեւել:

The Daily Mail-ը հայտնում է, որ Կեչին տակավին 16 տարեկան էր, երբ ավիաաղետի ենթարկվեց: 2005 թվականին Sosoliso Airlines-ի չարաբաստիկ 1145 չվերթի 109 ուղեւորներից ողջ էին մնացել միայն երկուսը: Սարսափելի պատահարից հետո Կեչին ստացել էր մարմնի 65 տոկոսի այրվածք: Մինչ աղջիկը կոմայի մեջ էր, նրա մայրը միացնում էր նրա սիրելի երգերը:

Անցած տարիներին Կեչին 100-ից ավելի վիրահատության կարիք է ունեցել՝ խոսքը, տեսողությունը եւ շարժունակությունը վերականգնելու համար: 2015 թվականին նա ավարտել է ուսումնառությունը Տեխասի Սենթ Թոմասի համալսարանում՝ դառնալով տնտեսագիտության ոլորտի մասնագետ:

Չնայած առողջության համար ծանր հետեւանքներին, աղջիկն իրեն գտել է երաժշտության մեջ եւ անցյալ տարի հանրահայտ America's Got Talent շոուին իր մասնակցությամբ նվաճել է ժյուրիի ու հանդիսատեսի սրտերը: Ունկնդիրները տեղյակ չէին, որ մինչեւ բեմ դուրս գալը Կեչին ստիպված էր հաղթահարել ուժգին ֆիզիկական ցավը: Դրանից բացի, նրա մի աչքը չէր փակվում, նա չէր կարողանում գլուխը աջ շրջել եւ ձեռքերն ամբողջությամբ ուղղել:

Եզրափակիչին մասնակցելուց հետո աղջիկը հնարավորություն է ունեցել դիմելու լավագույն պլաստիկ վիրաբույժներին: Դեմքի եւ պարանոցի մկանների ֆունկցիայի վերականգնմանն ուղղված առաջին վիրահատությունը տեւել է 4 ժամից ավելի: Վիրաբուժական միջամտության շնորհիվ, աղջկա այտերը սիմետրիկ են դարձել, կոպերը սկսել են փակվել: Դրանից բացի, երկար տարիների ընթացքում առաջին անգամ աղջիկը կարող է գլուխը շրջել:

Վիրաբույժները զգուշացնում են, որ Կեչին էլի մի շարք վիրահատությունների կարիք ունի, եւ այս գործընթացը կարող է տեւել ամիսներ ու տարիներ:

Առջեւում աղջկան սպասում է մասնակցությունը America's Got Talent-ի հատուկ թողարկմանը՝ անցած սեզոնների եզրափակիչ դուրս եկած լավագույն մասնակիցների խմբում: Հաղորդման պրեմիերան տեղի կունենա հունվարի 7-ին NBC-ի եթերում:

 

Source 

The Daily Mail

Photos The Daily Mail