Ոտքերում արյան վատ շրջանառություն ունեցող մարդկանց համար քայլքի ծրագիրը շատ արդյունավետ է։ Իսկ տանը քայլելը կարող է ավելի արդյունավետ լինել, քան հիվանդանոցային վարժությունները, բացի այդ էլ այն ավելի մատչելի է, հայտնում է Newsmax Health-ը։

Պերիֆերիկ զարկերակային հիվանդությունների (ՊԶՀ) նախանշանները հաճախ ոչ ստանդարտ կարող են լինել։ Հիվանդը կարող է պարզապես թուլություն եւ հոգնածություն զգալ ոտքերի շրջանում, եւ ինչպես հիվանդը, այնպես էլ բժիշկը սխալմամբ կարող է մտածել, որ դա ծերացման գործընթացի մի մասն է»,- ասել է Չիկագոյի Հյուսիսարեւմտյան համալսարանի  բժիշկ Մերի ՄաքԴերմոթը Reuters Health-ին։

ՊԶՀ-ի համար կա բուժման մի քանի միջոց՝ փոխպատվաստված ստենտներ, դեղամիջոցներ եւ ֆիզիկական վարժություններ։ Նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ վազքուղին օգնում է բարելավել արյան շրջանառությունը։ Բայց այս հետազոտությունները կենտրոնացված են մի ծրագրի վրա, որը պահանջում է հիվանդներից ամեն օր այցելել բժշկի կամ հիվանդանոց, ինչը կարող է անհարմարություն առաջացնել նրանց համար, ասել է ՄաքԴերմոթը։

Հետազոտողները հավաքել են զարկերակների խցանում ունեցող 194 մարդու եւ փորձարկումն իրականացնելու համար նրանց բաժանել են երկու խմբի։ Առաջին խումբը հատուկ մշակված վարժություններ է կատարել տանը, իսկ մյուսները՝ չեն մարզվել։

Հետազոտության վերջում վարժություններ կատարած հիվանդները բարելավել են քայլքի իրենց ցուցանիշը մոտ 26,5մ-ով։ Վերստուգիչ խմբի հիվանդները, ընդհակառակը, անգամ վատթարացրել էին իրենց ցուցանիշը մոտ 7,6 մ-ով:

Բրաունի համալսարանի կլինիկական հետազոտող Ռոբերթ Փաթերսոնը ասել է Reuters Health-ին, որ ֆիզիկական վարժությունների մեթոդը, որը ավելի պահպանողական մոտեցում է զարկերակների խցանման հիվանդությունների վերահսկման դեպքում, հենց առաջին բուժումն է ՊԶՀ-ով հիվանդների համար։

«Ես կարծում եմ, որ չափից շատ հիվանդների են ավելորդ  եւ ոչ պետքական ստենտավորում կատարում»,-ասել է Փաթերսոնը։ «Այնինչ այն ողջ կյանքի համար է»:

Եթե վարժությունների կուրսից հետո հիվանդը ոչ մի դրական տեղաշարժ չի տեսնում, այդ դեպքում միայն պետք է դիմել ստենտավորման մեթոդին, ասել է նա։

«Ես միշտ իմ հիվանդներին ասում եմ, որ նրանք օրական 40 րոպե տրամադրեն քայլելուն։ Երբ նրանք նոր են սկսում, ես խորհուրդ եմ տալիս քայլել 15 րոպե եւ հանգստանալ 25 րոպե։ 6-12 շաբաթից հետո նրանք արդեն քայլում են 25 րոպե եւ հանգստանում 15 րոպե, բայց քայլքի ազդեցությունը երբեմն պարզապես ապշեցուցիչ կարող է լինել»,- ասել է նա։