Հայաստանում գործող համակարգը չի կարող ապահովել միջազգային չափորոշիչներին համապատասխան սննդամթերքի անվտանգություն, համարում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

«Եթե մարդը երեկոյան չի թունավորվել եւ տեղափոխվել հիվանդանոց, դա դեռ չի նշանակում, որ նրա կերած մթերքը անվտանգ է», - ասաց նա մայիսի 29-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։

Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ սննդամթերքը կարող է անվտանգ կոչվել այն դեպքում, երբ այն չի կարող որեւէ բացասական ազդեցություն ունենալ մարդու առողջության եւ հետագա սերունդների վրա։ Սակայն երկրում շատ են հորմոններ եւ հակաբիոտիկներ պարունակող մթերքները, ծանր մետաղների պարունակության մոնիթորինգներ վաղուց ի վեր չեն անցկացվել, իսկ սնունդը հաճախ պահպանվում, տեղափոխվում եւ վաճառվում է սխալ եւ ոչ անվտանգ պայմաններում։

Մեր երկրում սննդի անվտանգության հարցերում առաջնորդվում են տեխնիկական կանոնակարգերի մեթոդաբանությամբ, ինչը, Բաբկեն Պիպոյանի կարծիքով, սխալ է, քանի որ տեխնիկական կանոնակարգերով հազարավոր ցուցանիշներ (մանրէաբանական, ծանր մետաղների եւ այլն) են սահմանված, եւ եթե բոլոր ցուցանիշներով մթերքները փորձաքննության ենթարկվեն, այդ ստուգումների վրա ծախսված գումարը կգերազանցի առավելագույն տուգանքը, որը պետությունը կարող է կիրառել՝ խախտումներ հայտնաբերելու դեպքում։ Այսպիսով, մթերքները ըստ տեխնիկական կանոնակարգերի ստուգելը երկրին ձեռնտու չէ՝ ավելորդ ծախս է։

Իսկ ի՞նչ է պետք անել սննդամթերքի անվտանգությունն ապահովելու համար։ Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ համակարգն է պետք փոխել։ Սակայն խնդիրն այն է, որ այժմ սննդամթերքի անվտանգություն մասին նոր օրենք է քննարկվում, բայց այն եւս չի կարող լուծել ոլորտում առկա խնդիրները։

Ինչպես նշեց Բաբկեն Պիպոյանը, զարգացած երկրներում տեխնիկական կանոնակարգերից հրաժարվել են եւ անցել են մի նոր համակարգի, որը կոչվում է հետագծելիության սկզբունք։ Համակարգի շրջանակներում փորձում են հասկանալ, թե որտեղ են թաքնված մեծագույն ռիսկերը, եւ ստուգումներ են իրականացնում բարձր ռիսկայնության տնտեսվարողների մոտ։

Նա բերեց նաեւ մի պարզ օրինակ՝ եթե ինչ-որ կազմակերպություն, օրինակ, կաթնամթերք է արտադրում եւ հումք է ներմուծում, ընդ որում իր բոլոր մթերքներին մակնշում է, որ դրանց մեջ օգտագործված է բացառապես կենդանական ծագում ունեցող յուղ, կարելի է ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ է նա ներմուծում իր արտադրանքի համար։ Եթե ներմուծում է բուսական յուղեր, որոնք իր արտադրանքում ոչ մի տեղ նշված չեն, ակնհայտ է, որ այստեղ խախտում կա, իսկ արտադրողը բարձր ռիսկային խմբում է, եւ նրա արտադրանքը պետք է անպայման փորձաքննության ենթարկել։