Ֆոլաթթվի պակասը շատ ավելի վտանգավոր է, քան կարծում էին մինչ այժմ. այս տարրի անբավարարության պարագայում խախտվում է ԴՆԹ ռեպլիկացիայի եւ բջջազատման գործընթացը, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն պտղի, այլեւ նորածինների քրոմոսոմային անոմալիաների զարգացման։ Այս ամենը կարող է հանգեցնել նաեւ ուռուցքաբանական հիվանդությունների առաջացման արդեն երեխայի ծնվելուց հետո, նախազգուշացնում են Կոպենհագենի համալսարանի գիտնականները։
Ֆոլաթթվի անբավարարության ֆոնին հնարավոր են նաեւ անպտղություն ու հոգեկան խանգարումներ։ Պտղի բնականոն զարգացման համար ֆոլաթթվի կարեւորության մասին հայտնի է վաղուց, ուստի հաճախ ֆոլաթթու նշանակում են հղիներին՝ նվազեցնելու համար պտղի պաթոլոգիաների զարգացման ռիսկը։ Հիմա, սակայն, դանիացի գիտնականները պարզել են, որ ֆոլաթթվի անբավարարությունը վտանգավոր է ոչ միայն ներարգանդային զարգացման համար, այլեւ երեխայի ծնվելուց հետո։
Արական լիմֆոցիտների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ֆոլաթթվի ցածր մակարդակը կապված է քրոմոսոմային խանգարումների բարձր ռիսկի հետ։ Օրինակ, անկայունություն է ձեռք բերում X-քրոմոսոմը, եւ տեղի է ունենում դուստր բջիջների քրոմոսոմների անոմալ բաշխում։






