Մսամթերքը, կաթնամթերքը եւ կրեմով թխվածքները ամռանը դառնում են մի քանի անգամ ավելի վտանգավոր, քան տարվա այլ եղանակներին։ Այն մասին, թե ինչպես է կարելի պաշտպանվել այդ մթերքների վտանգներից շոգ եղանակին, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած մթերք ունի հստակ պիտանելիության ժամկետ, եւ մսամթերքն ու կաթնամթերքը, բնականաբար, բացառություն չեն։ Շատ կարեւոր է նաեւ այն, թե ինչ պայմաններում է պահպանվում մթերքը, հակառակ դեպքում այն կփչանա նույնիսկ մինչեւ պիտանելիության ժամկետի ավարտը։ «41 աստիճանում դրսում վաճառվող երշիկի պիտանելիության ժամկետը ոչ մի ձեւով 15 օր չի կարող լինել», - նշեց Բաբկեն Պիպոյանը։

Ավելորդ է ասելը, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ ժամկետն անց մսամթերք օգտագործելու հետեւանքոով։ Իսկ ինչպե՞ս է կարելի խուսափել դրանից։

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ մսամթերք արժե գնել միայն այնպիսի խանութներից, որտեղ գոնե պահպանված են հիգիենայի նվազագույն պայմանները, չէ՞ որ մեծ տարբերություն կա սառնարանում եւ արեւի տակ պահվող մսի մեջ։

Ինչ վերաբերվում է կաթնամթերքին, Բաբկեն Պիպոյանը խորհուրդ է տալիս գնել միայն շատ թարմ կաթնամթերք՝ մեկ կամ առավելագույնը երկու օրվա, նույնիսկ եթե այն շատ ավելի երկար պիտանելիության ժամկետ ունի։ Պարտադիր է նաեւ ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ կաթնամթերքը խանութում պահպանվի սառնարանում՝ ճիշտ ջերմաստիճանային ռեժմով (պահպանման պայմանները եւ ջերմաստիճանը որպես կանոն նշված են ցանկացած մթերքի պիտակին)։

«Անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում միայն չգնելը բավարար չէ։ Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ եթե մենք չգնենք ոչ պատշաճ կերպով պահված մթերքը մեր տան համար, դա դեռ երաշխիք չէ, որ մենք այդ մթերքը չենք օգտագործի, որովհետեւ մեր երեխաները, օրինակ, շփվում են հարեւանների երեխաների հետ եւ կարող են ուտել այն հարեւանների տանը։ Պետք է անպայման զանգահարել համապատասխան մարմիններին, տեղեկացնել նրանց, համագործակցել նրանց հետ», - ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։

Ինչ վերաբերվում է հրուշակեղենին, խանութներում այն հազվադեպ են սառնարաններում պահում, նույնիսկ ամռան շոգին, իսկ թթված եւ փչացած կրեմը կարող է լուրջ թունավորման պատճառ դառնալ։ Այդ պատճառով Բաբկեն Պիպոյանը խորհուրդ է տալիս ամռանը հրուշակեղենի հետ զգույշ լինել եւ աշխատել միայն թեթեւ թխվածքներ ուտել, իսկ կենդանական մթերքները փոխարինել բուսական մթերքներով՝ դա լավ կլինի ոչ միայն սննդի անվտանգության տեսակետից, այլեւ մարսողության եւ առողջության տեսակետից։