Այնպիսի, թվում է, անմեղ սովորությունը, ինչպիսին սելֆի անելն է, կարող է առողջության համար միանգամայն լուրջ հետեւանքներ ունենալ:

Քալիֆորնիայից հետազոտողները պարզել են, որ «սելֆիամոլությունը» կարող է դառնալ հիվանդագին նյարդային խանգարման պատճառ, որը փորձագետներն անվանել են «սելֆիի դաստակ»: Բանն այն է, որ հանուն հաջող լուսանկարի՝ մարդիկ պատրաստ են հեռախոսը երկար ժամանակ պահել առաջ մեկնած ձեռքով՝ թեքելով դաստակը: Արդյունքում դաստակը մեծ լարվածության է ենթարկվում, ինչը դաստակում ընդարմացում եւ մատների ծակծկոց է առաջացնում:

Ամերիկացի օրթոպեդները նշում են այն պացիենտների թվի աճ, որոնք այս ախտանշաններից են գանգատվում: Բժիշկների կարծիքով՝ «սելֆիի դաստակը» դաստակային ուղիների համախտանիշի տարատեսակ է: Այս հիվանդության պատճառն է ոսկորների միջեւ միջին նյարդի ճզմումը դաստակային լայնակի կապաններով եւ դաստակի մկանների ջլերով: