Ցինկի պակասը կարող է ավելի լուրջ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, քան թվում էր մինչ այժմ. այն, ինչպես պարզել են Ամերիկյան ֆիզիոլոգիական ընկերության մասնագետները, կարող է հանգեցնել հիպերտոնիայի առաջացման։
Գիտնականները պարզել են, որ ցինկի պարունակության պակասն օրգանիզմում ազդում է երիկամների աշխատանքի վրա, ինչի հետ կապված՝ առաջանում են զարկերակային ճնշման բարձրացման նախադրյալներ։
Մասնագետները պարզաբանում են, որ զարկերակային ճնշման ցուցիչները կախված են երիկամների ունակությունից՝ օրգանիզմից դուրս բերել նատրիումի ավելցուկը։ Գիտնականներն արդեն տվյալներ ունեին, որոնք վկայում են այն մասին, որ ցինկը կարող է օգնել սպիտակուցների կարգավորմանը, որոնք ազդում են երիկամների աշխատանքի վրա։ Միեւնույն ժամանակ, ցինկի պակասի եւ հիպերտոնիայի միջեւ սերտ կապը հաստատող գործոններ չեն հայտնաբերվել։
Նոր աշխատանքի հեղինակները գտել են այն բանի հաստատումը, որ ցինկի անբավարարությունը կարող է հանգեցնել հիպերտոնիայի առաջացման։ Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ ցինկի պակաս ունեցող մկներն ավելի հաճախ են մեզի հետ նատրիում արտազատել եւ ավելի շատ են ենթակա եղել զարկերակային ճնշում ունենալուն։ Իսկ այն մկների մոտ, որոնց օրգանիզմում ցինկի պակաս չի նկատվել, նման ոչինչ տեղի չի ունեցել։






