Պատրիկը, ով պատկառելի քթի տեր է, որոշել է օգնության համար վերջապես դիմել բժիշկներին։ The Daily Mail-ը հայտնում է, որ պացիենտը, ում ազգանունն ու տարիքը անհայտ են, մեծ քթի պատճառով բախվել է շնչառական խնդիրների։ Պարզվել է, որ այդքան մեծ քթով օժտել է նրան ոչ թե բնությունը, այլ ռինոֆիմա հիվանդությունը։
Ռինոֆիման քթի մաշկի քրոնիկ հիվանդություն է, որը բնութագրվում է նրա բոլոր տարրերի մեծացմամբ եւ քթի այլանդակվելով։ Հիվանդության առաջացման պատճառները դեռեւս պարզված չեն, սակայն հնարավոր ռիսկերի մեջ նշվում են, մասնավորապես, օդի աղտոտվածությունը եւ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը։
Պատրիկը խոստովանել է, որ ինքը դժվարությամբ է շնչում, քանի որ մաշկի հաստ շերտն արգելափակում է քթանցքերը։ Նրա վիճակի բարդանալը համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ տղամարդը Լաս Վեգասում աշխատում էր շինարարության վրա։ Նույնիսկ արեւապաշտպան քսուքը չի կարողացել նրա քիթը փրկել արեւի կիզիչ ճառագայթներից, որի պատճառով էլ մաշկի կարմրություն է առաջացել։ Այնուհետեւ քիթը սկսել է չափերով մեծանալ։
Պատրիկի խոսքերով, նույնիսկ թոռներն են սկսել վախենալ իր պատկառելի քթից։
Սկզբում բժիշկները ստիպված են եղել հատուկ սարքերի միջոցով այրել կոշտացած մաշկը, ինչը թույլ է տվել նվազեցնել քթանցքերի վրա ճնշումը։ Այնուհետեւ վիրաբույժները բառացիորեն փորելով հանել են Պատրիկի քթի գերաճած մասերը։ Վիրահատությունից հետո տղամարդը, իր իսկ խոստովանությամբ, սկսել է ավելի լավ շնչել։ Բացի այդ, վիրահատական միջամտությունից հետո նրա քիթն անհամեմատ փոքրացել է։



Source: The Daily Mail
Photos: TLC/TNI PRESS LTD.






