Նյու Յորքից դիետոլոգ Տանյա Ցուկերբրոտը Fox News հեռուստաալիքով խորհուրդ է տվել աղցանները ավելի համեղ, սննդարար եւ կալորիաները այրող դարձնելու համար ավելացնել հետեւյալ մթերքները.
Սիսեռ
Սիսեռը աղցանին ընկույզի հաճելի համ եւ սերուցքային տեսք է հաղորդում եւ ապահովում անհրաժեշտ սննդարար նյութերով՝ երկաթով, ցինկով եւ կալիումով, ինչպես նաեւ բուսական սպիտակուցով։ Սիսեռը շատ հարմար է դիետաներ պահելու դեպքում, քանի որ այն հարուստ է բջջանյութով, քիչ կալորիաներ է պարունակում եւ շատ արագ հագեցվածության զգացում է առաջացնում։ Բավականին շատ սիսեռ կարող եք ավելացնել աղցանների մեջ՝ իմանալով, որ դա շատ օգտակար եւ առողջարար մթերք է խոլեստերինի նվազեցման եւ բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարելու համար։
Խնձոր
Ոչ մի բան չի կարող համեմատվել խնձորի հետ, երբ խոսքը գնում է համային բազմազանության մասին։ Խնձորը լինում է թթու, քաղցր ու անգամ կծու, եւ խնձոր ավելացնելով աղցանի մեջ՝ Դուք բարելավում եք ոչ միայն աղցանի համը եւ սննդարար հատկությունները, այլեւ աղցանի արտաքին տեսքը։ Խնձորը պարունակում է վիտամիններ А, С, В-6, կալիում եւ մի փոքր էլ կալցիում։
Բայց Տանյան խորհուրդ է տվել չկեղեւազրկել խնձորը, քանի որ վիտամինները հենց կեղեւի մեջ են։ Կտրատեք խնձորը կեղեւով եւ լցրեք աղցանի մեջ։
Քացր պղպեղ
Բուլղարական քաղցր պղպեղը շատ լավ հավելում է յուրաքանչյուր աղցանի համար, որովհետեւ այն գունավոր, բուրավետ, քիչ կալորիա պարունակող եւ սննդարար նյութով հարուստ մթերք է։ Դա մի ամբողջ սննդարար էլեկտրակայան է՝ լի հակաօքսիդանտներով, հակաբորբոքային նյութերով եւ А, С եւ К վիտամիններով։
Նուշ
Նուշը յուրաքանչյուր աղցանին տալիս է ընկույզի հաճելի համ, բայց այն նաեւ կարող է ավելացնել օգտակար խոլեստերինի մակարդակը (HDL), եւ նուշը հիանալի միջոց է առողջ սիրտ եւ ոսկորներ ունենալու համար։ Նուշը պարունակում է այնպիսի սննդարար նյութեր, որոնք առկա չեն բանջարեղենային աղցանների մեջ. օրինակ, հակաօքսիդանտ վիտամին Е եւ մոնոչհագեցած ճարպեր։
Ձուկ
Ձուկը կարող է հիանալի հավելում լինել աղցանների մեջ, որովհետեւ յուրաքանչյուր չափաբաժինը հարուստ է օմեգա-3 ճարպաթթվով, որը բարելավում է նյութափոխանակությունը։ Օմեգա-3-ը ազդում է նյութափոխանակության վրա՝ նվազեցնելով լեպտին հորմոնը, ինչը օգնում է ավելի արդյունավետորեն այրել ճարպերը։
Տանյան խորհուրդ է տվել օգտագործել քաղցրահամ ջրերում ապրող ձկներ՝ սաղմոն, թյունոս, սարդինա, սկումբրիա, որոնք եւ շատ համեղ են, եւ հարուստ օմեգա-3-ով։






