Ստեղծագործելը բարելավում է ուղեղի աշխատանքը։ Այովա նահանգի մենեջմենթի Մահարիշի համալսարանի եւ Շվեյցարիայի Արեւմուտքի համալսարանի գիտնականները պարզել են, որ նորարարությունների, ձեռնարկատիրության, մրցունակության եւ ուղեղի աշխատանքի արագության հիմքում ընկած է ստեղծագործությունը։ Creativity Research ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները բացահայտել են, որ ուղեղի՝ խնդիրների ինտեգրման եւ այլընտրանքային ելքեր գտնելու ունակությունը ավելի արագ է, եթե նրա ստեղծագործական կողմը լավ զարգացած է, հաղորդում է the Medical Daily-ին։
Հետազոտողները չափել են ուղեղի ինտեգրումը՝ ուսումնասիրելով տարբեր կրթական մակարդակ ունեցող շվեյցարացի ճարտարագետների (միջինից մինչեւ գիտությունների թեկնածու եւ պրոֆեսոր) ճակատային ուղեղային ալիքները։
Նրանք օգտագործել են Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ), որպեսզի տեսնեն, թե ինչպես են կապված մասնակիցների ուղեղների տարբեր հատվածները եւ ինչքան ազդեցիկ են դրանք արձագանքում ազդանշաններին։
Պարզվել է, որ ստեղծագործության տեսանկյունից ինժեներները եղել են 70 – 90 պերցենտիլների միջակայքում։
«Մեր փորձառական տվյալները հաստատել են, որ արվեստը կապված է ուղեղի գործունեության եւ հոգեկան զարգացման հետ»,-ասել է հետազոտության համահեղինակ Իվոն Լագրոսենը՝ Շվեյցարիայի Արեւմուտքի համալսարանից։ «Քանի որ ստեղծագործումը շատ կարեւոր է անհատական հաջողությունների հասնելու, ուղեղի գործունեությունը արդյունավետ դարձնելու համար, հետեւաբար այն պետք է առաջնահերթություն դառնա յուրաքանչյուր ուսանողի համար»։
Այս հետազոտությունը հաստատել է ստեղծագործության կարեւորությունը։ Հետազոտողները եզրակացրել են, որ ստեղծագործությունը պետք է ընդգրկված լինի դպրոցական ուսուցման ծրագրերում՝ աշակերտների ճիշտ զարգացման համար. ըստ նրանց՝ արվեստի առկայությունը պետք է նաեւ առանցքային դեր ունենա այն աշխատակիցների շրջանում, ովքեր ցանկանում են հաջողությունների հասնել, լինել ազնիվ, արդար եւ ազատ։
«Հարց է առաջանում,-ասել է Մահարիշի համալսարանում ուղեղի, գիտակցության եւ ճանաչողության կենտրոնի տնօրեն, հետազոտության գլխավոր հեղինակներից մեկը՝ Ֆեդերիկ Թրեվիսը,-կարելի է բարձրացնել ուղեղի ինտեգրման մակարդակը, թե դա զուտ գեների (բնություն) կամ բարենպաստ պայմանների (դաստիարակություն) հետ կապված հարց է»։






