Եթե Դուք պատրաստվում եք գնալ ժամադրության, պետք է մտածեք Ձեր շնչառության մասին։ Բայց սխտոր եւ սոխ չուտելը շատ քիչ է։ Կան որոշ մթերքներ, որոնք, բառիս բուն իմաստով, բերանը դարձնում են իսկական աղբահոր, հայտնում է Fox News-ը։
Ալկոհոլ
Ինչպես գիտեք (մի լավ գինարբուքի շնորհիվ) ալկոհոլը ունի միզամուղ հատկություններ։ Բայց այն կլանում է ոչ միայն օրգանիզմի եւ ուղեղի խոնավությունը, այլեւ բերանի խոռոչի՝ հետաձգելով թքի արտադրությունը, ասել է կոսմետիկ ատամնաբույժ Ջեսիկա Էմերին։ Ավաղ, քանի որ թուքը լի է գարշահոտ մանրէները սպանող եւ մաքրող բնական ֆերմենտներով, ալկոհոլի չափից շատ օգտագործումը կարող է բերանի հոտ առաջացնել, ասել է նա։ Այժմ կա եւս մեկ պատճառ ալկոհոլ խմելու ժամանակ ջուր խմելու համար։
Անանուխի համով սառնաշաքար
Մի հավատացեք այն գովազդներին, որոնք հավաստիացնում են, որ անանուխի համով սառնաշաքարները թարմացնում են շնչառությունը։ Դա տեւում է ընդամենը հինգ րոպե։ Հենց մենթոլի ազդեցությունը անցնում է, շնչառությունը ավելի է վատանում, քանի որ դրանցում առկա շաքարը քայքայում է բերանի խոռոչի օգտակար բակտերիաները, ասել է Էմերին։ Եթե Դուք չեք կարող առանց սառնաշաքարների, ապա գոնե ընտրեք շաքար չպարունակողները։ Նրանք, իհարկե, չեն թարմացնի Ձեր շնչառությունը, բայց գոնե չեն փչացնի այն։
Միս
Եթե ժամանակ առ ժամանակ սթեյք ուտեք, ապա դա բերանի հոտի պատճառ չի կարող դառնալ։ Սակայն մեծ քանակությամբ միս օգտագործելը կարող է նման խնդիր առաջացնել, ասել է Էմերին։ Երբ օրգանիզմ անհրաժեշտ քանակից ավել սպիտակուց է մտնում, օրգանիզմը սկսում է դրանցից ածխաջրեր սինթեզել՝ էներգիա ստալանու համար։ Այս գործընթացի կողմնակի հետեւանքներից մեկը ամոնիակն է, որը կարող է դուրս գալ բերանից, այսինքն ամեն մի արտաշունչը կարող է այնքան տհաճ հոտ ունենալ, ինչպես կատվի մեզը։
Չորամրգեր
Չորամրգերը ոչ միայն շաքար, այլեւ չլուծվող բջջանյութ են պարունակում, որը շաքարի հետ միասին, մնում է ատամների վրա՝ քայքայելով բերանի օգտակար մանրէները։ Եթե Դուք չորամրգեր շատ եք սիրում, ապա ուտելուց հետո մաքրեք Ձեր ատամները ատամնաթելով։






