46-ամյա Լաուրա Բատաչելին բրիտանական Ֆերհեմ քաղաքից (Հեմփշիր կոմսություն) տառապում է հազվադեպ հիվանդությամբ, որը նրան ստիպում է գիշերներն ուտել վնասակար մթերքներ։ Նրա խոսքով՝  նա հաճախ չի էլ գիտակցում, որ արթնանում է գիշերը եւ գնում ուտելու։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, ցերեկը Լաուրան հետեւում է պեսկետարիանական դիետայի. ուտում է միայն մրգեր, բանջարեղեն, ընկույզ, հացահատիկեղեն եւ ձուկ։ Նրա խոսքով՝ դեռ 28 տարեկանից նա դադարել է միս ուտել էթիկական նկատառումներով, իսկ ֆասթֆուդից եւ քաղցրեղենից հրաժարվել է հանուն առողջության եւ գեղեցիկ կեցվածքի պահպանման։ Լաուրան աշխատում է որպես ջազ-երգչուհի եւ նրա համար կարեւոր է լավ տեսք ունենալ։

Սակայն մոտ 10 տարի առաջ Լաուրան սկսեց ժամանակ առ ժամանակ առավոտյան բերանում շոկոլադի, թխվածքաբլիթի եւ այլ քաղցրավենիքի համ առնել, իսկ սենյակում գտնում էր դրանց բացված փաթեթները։ Պարզվեց, որ նա արթնանում է գիշերները, գնում խոհանոց եւ կիսաքուն վիճակում ուտում պաղպաղակ, տորթ, քաղցրավենիք եւ չիփսեր։ Գիշերային մի քանի շաբաթվա «խժռումից» հետո կինը գիրացավ 3 կիլոգրամով։

Մի քանի ամիս առաջ, երբ նոպաները հաճախակիացան, նա խնդրեց ամուսնուն խոհանոցի դռանը փական դնել, գիշերը փակել դուռն ու իրենից թաքցնել բանալին։ Միջոցն աշխատեց, բայց երբ երգչուհու ամուսինը տանը չի լինում եւ մարդ չկա, որ դուռը փակի, կինը շարունակում է արթնանալ եւ ուտել գիշերները։

Բժիշկների խոսքով՝ Լաուրան տառապում է սննդային վարքի հազվադեպ խանգարմամբ՝ գիշերն ուտելու ախտանիշով, որը սովորաբար կանանց է բնորոշ։ Նյարդաբան եւ քնաբան Գայ Լեշսիները համեմատել է հիվանդության դրսեւորումը անհանգիստ ոտքերի ախտանիշի հետ. «Երկու հիվանդությունն էլ կարելի է նկարագրել որպես անհաղթահարելի պահանջ, որին անհնար է դիմանալ»։

Նրա խոսքով՝ որոշ պացիենտներ անգամ փորձում են քնի մեջ կերակուր պատրաստել եւ այրվածքներ են ստանում, մյուսները, չգիտակցելով իրենց գործողությունները, հում միս են ծամում։

Բժշկի խոսքով՝ ախտանիշը, որը միջազգային բժշկական հանրությունը չի ճանաչել որպես հիվանդություն, սովորաբար կապվում է հոգեբանական այլ խնդիրների հետ՝ տագնապայնության, ընկճախտի, սթրեսի բարձր մակարդակի, սննդային վարքի խանգարման կամ թմրանյութերի ընդունումը դադարեցնելուց հետո առաջացած ախտանիշի։ Լաուրայի դեպքում ախտանիշը բարդացել է լուսնոտությամբ։